Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերը հետաքրքրում են օտարերկրացի ուսումնասիրողներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ տարեկան 10-15 օտարերկրյա ուսումնասիրող են ունենում:
«Տարբեր երկրներից գալիս են գերմանացի, անգլիացի, ֆրանսիացի, ռուս, իտալացի ուսումնասիրողներ: Սկզբում օտարերկրացի ուսումնասիրողները հետաքրքրված էին Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերով, սակայն վերջին երկու տարիներին նկատվում է, որ հետաքրքրված են Հայաստանի խորհրդային շրջանի մասին պատմող փաստաթղթերով: Ցանկանում են տեսնել, թե մոսկովյան իրադարձություններն ու զարգացումներն ինչպես են ազդել ծայրամասային հանրապետության` Հայաստանի, վրա»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ իրենց մոտ պահվող փաստաթղթերով հետաքրքրված են նաև թուրքերը: Նրա տեղեկացմամբ, տարեկան մեկ, երկու թուրք ուսումնասիրող են ունենում: Նրանց հետաքրքրում են Հայոց ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերը: Դրանից բացի, ուշադրության կենտրոնում են պահում Էրզրումի, Կարինի, Սեբաստիայի մասին փաստաթղթերը: Ազգային արխիվի տնօրենը նկատեց, որ թուրք ուսումնասիրողները շատ են հետաքրքրվում Կարսով: