«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները՝ մեկ վայրում»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ այն ամբողջությամբ հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց՝ թե այն տղաներին, որոնք կույր են, թե՛ նրանց համար, որոնք ունեն հոգեկան խնդիրներ։
Նրա փոխանցմամբ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ կես մլն դոլար, առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։ Նա նշեց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրչի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները։
«Պարտադիր զինվորական ծառայությանը կհետևի պարտադիր օգնությունը, քանի որ ոչ մի զինվոր բուժման կարիք ունենալու դեպքում չպետք է գլուխը ցավեցնի, թե ինչպես այդ խնդրին լուծում տա»,– եզրափակեց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Աղբյուր` Փաստինֆո