Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում: Այս հայտարարությունը սառը ցնցուղ է ադրբեջանական հասարակության համար: Ոչ պակաս հստակ էր բլոգեր Լապշինի հարցի վերաբերյալ հնչած պատասխանը:
ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանին սթափեցնող հայտարարություն արեց` հիշեցնելով, որ հիմնախնդրի կարգավորումն ունի լուծման մի շարք տարբերակներ, որոնք հակամարտության ամենաթեժ պահին ընդունել է ՄԱԿ-ը: Լավրովը նաև հայտարարեց` որոշումները սահմանում են, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:
«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լավրովը:
Նա խիստ ահազանգող համարեց 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին խոսվել է նաև 2011 թվականին, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունենում Աստրախանում: Ցավոք նման տարրական բանը` դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:
Ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ նաև Բելառուսում ձերբակալված ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին: Վերջինս նախորդող տարիներին մի քանի անգամ այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի համար հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն Բելառուսի իշխանություններից պահանջում է Լապշինին արտահանձնել իրեն:
«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- հայտարարեց Լավրովը` նշելով, որ իրենք պահպանում են կապը Լապշինի հետ: