Երևանի քաղաքապետարանում կադրային ջարդ է. ազատվում են Հայկ Մարությանի մարդկանցից. Հարվածի տակ են ոչ միայն փոխքաղաքապետերը, այլև վարչության պետերը. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանում կադրային ջարդ է. ազատվում են Հայկ Մարությանի մարդկանցից. Հարվածի տակ են ոչ միայն փոխքաղաքապետերը, այլև վարչության պետերը. «Փաստինֆո»

Երեւանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ազատվում է Հայկ Մարությանի կադրերից, թեեւ նա նույնպես նախկինում ներկայացնում էր «Իմ քայլը» խմբակցությունը, որի առաջադրմամբ քաղաքապետ է նշանակվել նաեւ Հրաչյա Սարգսյանը։

«Խնդիրն ավելի գլոբալ է. ազատվում են Հայկ Մարությանի մարդկանցից և բերում են նոր մարդկանց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ իր համար այլևս էական չէ, թե ով ում մարդուն է բերելու, իր համար էական էր, որ երևանցին զրկվեց քաղաքային իշխանությունում իր թիմը ձեւավորելու հնարավորությունից։

Նրա արձանագրմամբ՝ Երևանի գործադիր իշխանությունն այլևս երևանցի չի ձևավորում: «Խնդիր է դրված փոխել մարությանական կադրերը սեփական կադրերով, ինչը տրամաբանական է, քանի որ ցանկացած նոր ղեկավար գալիս է ու իր թիմն է կազմում, իր վստահելի մարդկանց է բերում, հենց այստեղ է, որ ես զգուշացնում էի, որ միայն քաղաքապետ չեք փոխում, դուք ցնցման եք ենթարկում ամբողջ համակարգը։ Փոխվում են նաև այլ առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ, հենց դրան էլ մենք այսօր ականատես ենք լինում, բնականաբար սա ժամանակավոր է, քանի որ հաջորդ տարի ընտրություններ են լինելու, և այստեղ արդեն խնդիր կա մինչև հաջորդ տարի ամրապնդել սեփական դիրքերը պաշտոններում»,- նշել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ քաղաքապետի տեղակալներից յուրաքանչյուրը մի քանի ոլորտ է կուրացիա անում։

«Օրինակ՝ Գայանե Մելքոմ- Մելքոմյանը (հրաժարական է տվել հունվարի 26-ին-խմբ.) փոփոխությունների էր գնում, ծրագրեր ուներ, և ստացվեց, որ մարդիկ, որոնք աշխատում էին, նոր հայեցակարգ էին բերում, փոխվում են, կիսատ է մնում գաղափարը»,- նշել է տիկին Աբգարյանը ու նկատել, որ սա չի կարող օգուտ բերել քաղաքին, մարդիկ գալիս են, կիսատ թողնում գործն ու գնում: Քաղաքապետի յուրաքանչյուր տեղակալի համար հսկայածավալ աշխատանք կա, մինչև նոր քաղաքապետի տեղակալը այս ամենում դառնա հմուտ, տիրապետի այդ ամբողջին ժամանակ է անցնելու:

Ավագանու անդամը նշել է, որ այսօր հարվածի տակ են ոչ միայն փոխքաղաքապետերը, այլև քաղաքապետի օգնականները, վարչության պետերը, տեղակալներն ու այսպես՝ շղթայական մյուս պաշտոնյաները:

Աղբյուր` Փաստինֆո