Լիբանանյան ծագումով ֆրանսիացի պարուհի. «Իմ ցանկությունն է հայրենակիցներիս փոխանցել ֆլամենկոն՝ իր ողջ հմայքով». arevelk.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիբանանյան ծագումով ֆրանսիացի պարուհի. «Իմ ցանկությունն է հայրենակիցներիս փոխանցել ֆլամենկոն՝ իր ողջ հմայքով». arevelk.am

Ֆլամենկոյի հայազգի աստղ,  ֆրանսահայ պարուհի Լորի Բաղդասարյանը, 2016-ի նոյեմբերի 19-ին իր նվագախմբի հետ ելույթ ունեցավ Հայաստանում:

Ծնվելով Ֆրանսիայում՝ նա 12 տարեկանում սիրահարվել է իսպանական ժողովրդական ֆլամենկո պարին և 18 տարեկանում տեղափոխվել  Իսպանիա, ուր 10 տարի ապրել է Խերեսի և Սևիլյայի իսպանական գնչուների հետ՝ յուրացնելով պարի գաղտնիքները: 2010-ին ֆլամենկոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոցներից մեկը: Այդ արվեստը կրող հայ պարուհին համարվում է ֆլամենկո բուլերիա ոճի լավագույն կատարողներից մեկը: Ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում, խաղացել է դասական և օպերային թատրոններում, 2007-ին համերգ է ունեցել նաև Հայաստանում:

Լորի Բաղդասարյանը պատասխանել է «Արևելքի» հարցերին.

-Ի՞նչ զարգացումներ է ունեցել ֆլամենկոն՝ Ձեր կատարմամբ:

-Ֆլամենկոն, բոլոր արվեստների պես, ապրում,  զարգանում և ձևափոխվում է, և դժվար է պատասխանել, թե իմ կատարմամբ  ինչ զարգացում է ունեցել, մի քիչ էլ  հավակնոտ կհնչի, միշտ փորձել եմ իմ մշակույթից մասնիկներ ներմուծել ֆլամենկոյի մեջ: Եւ ստեղծվել է մի բնական կապ, կամուրջ՝ իմ կրած մշակույթի և ֆլամենկո արվեստի միջև: Օրինակ, երբ դուդուկը մտնում է ֆլամենկոյի մեջ, դա և՛ նորություն է և՛ մի կապ է ստեղծում, ինչը գեղեցիկ է և լավ է ընդունվում:

-Որտե՞ղ է  այսօր Ձեր տեղը՝ ժամանակակից պարողների մեջ:

-Դժվար է ասել, թե այսօր իմ տեղը որտեղ է ֆլամենկոյի աշխարհում, բայց ֆլամենկոյի միջազգային մակարդակ ունեցող պարողները և այդ ժանրի մասնագետները բարձր են գնահատում իմ արվեստը:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք երևանյան ելույթներից:

 -Իմ ցանկությունն է հայրենակիցներիս փոխանցել ֆլամենկոն՝ իր ողջ հմայքով: Ուրախ կլինեմ, եթե հուզեմ հանդիսատեսին:

-Ինչպե՞ս եք կազմել խումբը, որի հետ հանդես եք գալու:

-Իմ կարիերայի ընթացքում հանդիպել եմ ֆլամենկոյով զբաղվող բազում արվեստագետների, և այդպիսով խումբ եմ կազմել՝ լավագույններից, որոնց հետ ունեմ զգայուն հաղորդակցություն և հաճելի է համագործակցել նման խմբի հետ: Բացի ինձ հետ Հայաստան ժամանած երաժիշտներից,  իմ խմբի մեջ նաև այլ անդամներ կան, որոնք իրենց ծանրաբեռնված համերգացանկի պատճառով չկարողացան Հայաստան գալ մեզ հետ:

-Բազմաթիվ երկրներում եք եղել, ո՞ր երկրում եք գտել ամենալավ ընդունելությունը:

-Երկիրը չէ, այլ մարդն է, որ կարևորում է արվեստը:

Կցանկանայի նշել հայաստանյան նախորդ այցիս ընդունելությունը, որ շատ ջերմ էր, որովհետև հայ ժողովուրդը շատ արվեստասեր և արվեստագետ է: Թե՛ մտքով, թե՛ սրտով բաց է ընկալելու արվեստի նորությունները:

-Ի՞նչ արմատներ ունեք և ինչպե՞ս են ազդել  Ձեր արմատները Ձեր կազմավորման վրա:

-Իմ արմատները 100%-ով հայկական են: Իմ նախնիներն աքսորված արևմտահայեր են, բայց իմ կազմավորման վրա դեր են խաղացել բազմաթիվ ազդեցություններ: Օրինակ, Միջին Արևելքը, նկատի ունենալով, որ իմ ծնողները Լիբանանից են գաղթել Ֆրանսիա: Ինքը Ֆրանսիան մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, որովհետև այնտեղ եմ ծնվել, մեծացել: Ռումինա-գնչուական մշակույթն է իմ վրա ներգործել նաև, քանի որ փոքր ժամանակ ունեցել եմ գնչուհի հարևանուհի, որ պարբերաբար զբաղվել է իմ խնամքով, երբ ծնողներս աշխատանքի էին:   Չմոռանանք, որ ֆլամենկոն աքսորյալների հոգեկան ապրումների դրսևորումն է, և ես, լինելով աքսորյալ ժողովուրդի շառավիղ, հմայված եմ այս արվեստով:

-Ժամանակին կարծեմ մտադիր էիք Հայաստանի մէջ ֆլամենկոյի դպրոց բացել: Ո՞ւր հասավ այդ մտահղացումը: 

-Այդ ծրագիրը միշտ իմ մտքում է և ինձ հետ: Շատ լուրջ աշխատանք է պահանջվում դրա համար, ժամանակ և ջանքեր: Բայց ասեմ, որ արդեն կապեր եմ հաստատել որոշ մարդկանց համար՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար: Հիացած եմ Նորայր Մեհրաբյանի ստեղծագործական աշխարհով, և երազանք ունեմ գալ Երևան և համագործակցել նրա հետ պարային մի բեմականացման շուրջ:

-Հնարավո՞ր է արհեստավարժ պարով դրամ վաստակել:

-Արվեստագետի համար առաջնահերթը դրամը չէ, այլ այն սերն ու նվիրումն է, որ նա ներդնում է արվեստի մեջ:

Իհարկե, հեշտ չէ արվեստով շատ դրամ վաստակել և հարստանալ: Բայց եթե  սիրում ես քո գործը և ամենօրյա, լուրջ, հետևողական աշխատանք ես տանում, անպայման որոշ հաջողությունների կհասնես, և ամենաքիչը կարող ես համեստորեն ապրել:

18 Նոյեմբեր 2016

arevelk.am



Նման նյութեր