Սարի թաղեցիները զրկված են աղբարկղերից. բնակիչներն ահազանգում են
Advertisement 1000 x 90

Սարի թաղեցիները զրկված են աղբարկղերից. բնակիչներն ահազանգում են

Սարի թաղեցիներն արդեն չորս օր է, ինչ զրկված են աղբարկղերից: Այս թաղամասի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չգիտեն, թե որտեղ թափեն իրենց աղբը: Բանն այն է, որ օրեր առաջ այդ աղբարկղերն իրենց տեղում են եղել, հետո՝ անակնկալ անհետացել են: Իսկ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմից որեւէ մեկն այդպես էլ բնակիչներին բացատրություն, պարզաբանում չի տվել: Թե որտեղ են այդ աղբամանները կամ ում թեթեւ ձեռքով են դրանք այդ տարածքից անհետացել, դեռեւս պարզ չէ:

Ավելին, բնակիչներին փոխանցել են, որ շաբաթվա մեջ մեկ անգամ մեքենա կպտտվի փողոցներով եւ կհավաքի կուտակած աղբը: Ինչին դեմ են բնակիչները, որովհետեւ նրանց մեծ մասն աշխատում է եւ աշխատանքի պատճառով տանը չեն լինում: Բացի այս, բնակիչները չեն պատրաստվում մի քանի օր աղբը պահել իրենց տանն ու սպասեն աղբատար մեքենային: Այս խնդրով ArmLur.am-ին են դիմել Սարի թաղի բնակիչները:

Այս հարցի հետքերով ArmLur.am-ը զանգեց Էրեբունի վարչական շրջան, որտեղից մեր հեռախոսազանգին պատասխանեց Ալլա անունով աշխատակից: Մենք նրան փոխանցեցինք բնակիչների բողոքը, ինչին ի պատասխան Ալլա ներկայացած անձը վրդովված ասաց. «Մինչ այս, մի խումբ կար այդտեղի աղբարկղերը հեռացնել է տվել, հիմա էլ մի խումբ է հայտնվել՝ ուզում են, որ տեղադրվի: Բերել են դիտավորյալ, շատ անշնորհք ձեւով աղբը կուտակել են այդ աղբարկղի տեղում, լրիվ անմարդկային բան է»:

Այսինքն այն, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Բալայանն ու իր աշխատակազմը բնակիչներին թողել են առանց աղբաման, դա մարդկայի՞ն է: «Զանգել են Սարի թաղի բնակիչները, ես փոխանցել եմ աղբահանություն իրականցնող աշխատակցին, կոմունալ բաժնի պետն էլ է տեղյակ, չգիտեմ իրենք կորոշեն ինչ են այդտեղ անելու:

Համենայն դեպս, եթե աղբարկղ չկա ոչ մեկ իրավունք չունի աղբը դնի փողոցում: Պետը կորոշի, թե ինչ անել, տեղում չէ այս պահին, իրենց աշխատանքը դրսում է»,- լրացրեց թաղապետարանի աշխատողը:

Նշենք, որ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Լեւոն Հովհաննիսյանի հետ, սակայն անհաջող. պետը տեղում չէր: Հուսանք՝ մեր այս հրապարակումը կնպաստի, որպեսզի Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը տեղից իրար գա եւ հարցին շտապ լուծում տա:

armlur.am



Նման նյութեր