Վալենտինի տոնը նշում են աշխարհի մեծաթիվ անկյուններում: Տոնին կան նվիրված երգեր, ինչպիսիք են Չեթ Բեյքերի «My Funny Valentine»-ը, Փոլ ՄաքՔարթննի «My Valentine»-ը և մի շարք այլ փոփ ու ջազ կատարումներ: Տոնը Հայաստանում դեռ երիտասարդ է, բայց մեծ ոգևորությամբ արդեն մի քանի տարի է նշվում է: Զբոսայգիները, ռեստորանները լի են սիրահար զույգերով. նվերներ, ծաղկեփնջեր և ռոմանտիկ ընթրիքներ: Իսկ ի՞նչ անել, եթե սիրահարված չեք: Հարց, որն ունի մեկից ավելի պատասխան: Չլինել սիրահարված չի նշանակում չսիրել և լինել չսիրված: Սերն ավելին է, քան փուչիկներն են, սերն ավելին է, քան աղցաններն են՝ մատուցված սրտաձև ափսեների մեջ:
168.am-ն իր չսիրահարված, բայց սիրող ու սիրված ընթերցողին առաջարկում է 10 զբաղմունք, որոնք հեշտությամբ կարելի է կազմակերպել սիրո տոնի ինքնատիպ մասնակիցը դառնալու համար:
- Առավոտյան մարզանք
Կլինի դա վազք, թե յոգա, կարևոր չէ: Մարմինը պետք է նախապատրաստել օրվա սպասվելիք իրադարձություններին: Ընտրեք այն մարզաձևը, որը Ձեր մարմնին հաճույք է պատճառում: Կարող եք անգամ պարել:
- Միայնակ այցելեք սրճարան
Վայելեք Ձեր ընկերակցությունը: Պատվիրեք մեկ բաժակ ամերիկանո Ձեր ամենասիրելի սրճարանում և նախաճաշեք: Իսկ եթե սիրում եք փոփոխություններ, ապա ընտրեք մի սրճարան, որը վաղուց ցանկանում էիք այցելել, բայց երբեք ժամանակ չէիք գտնում և մենյուից ընտրեք ամենաանսպասելին… Տեկի՞լա:
- Կինոդիտում
Ե՞րբ եք վերջին անգամ մեծ էկրանին ֆիլմ դիտել: Վաղո՞ւց էր: Ուղղեք այդ սխալը հենց փետրվարի 14-ին: Ընտրեք առաջին կինոկարը, ինչը կգրավի Ձեր աչքը և վայելեք կինոդիտումը փոփքորնով:
- Այցելություն սպա
Առողջ հոգի առողջ մարմնում: Ոսկի խոսքեր են, որոնք բացի արտաբերելուց նաև իրագործել է պետք: Գտեք ժամանակ՝ զբաղվելու ինքնախնամքով: Այցելեք սպա կենտրոններ, գրանցվեք թայլանդական մերսման համար, չմոռանաք թարմացնել սանրվածքը:
- Շոփփինգ
Վաղուց ցանկանում եք գնել այն կարմիր զգե՞ստը, ուզում եք արթնանալ և սեղանին տեսնել Հարի Փոթերի մասին պատմող գրքաշա՞րը: Իսկ ո՞ւմ եք սպասում: Ազատություն տվեք սեփական ցանկություններին:
- Հավաքույթ
Մենք բոլորս ունենք ընկերներ, որոնք փետրվարի 14-ն անցկացնելու են սիրելիների հետ: Բայց և ունենք ընկերներ, որոնք արթնանալու են և մտածեն՝ ինչո՞վ զբաղվել Վալենտինի օրը: Ի՞նչը կարող է ավելի հրաշալի լինել, քան միայնակ ընկերներով հավաքույթը: Սեղանի շուրջ, հավանաբար, երկու կենաց է հնչելու՝ սիրո և ընկերության կենացը:
- Նոր բան փորձեք
Վերցրեք հին խցիկը, որը նվեր եք ստացել պապիկից և արեք Ձեր առաջին լուսանկարը ժապավենով: Խանութից գնեք սերուցքային պանիր և փորձեք չիզքեյք պատրաստել: Ի վերջո, կտավ գնեք, վրձինը թաթախեք յուղաներկի մեջ և ազատություն տվեք երևակայությանը:
- Սիրո տոնը՝ ընտանիքի օր
Եթե միայնակ եք ապրում, այցելեք Ձեր ծնողներին. նրանք առաջինն են, ում մենք սիրում ենք, և առաջինը մեզ սիրողներն են:
- Ես գնում եմ գինետուն
Գինեխմությունը վերջին տարիների Երևանի անբաժանելի ավանդույթն է դարձել: Երեկոն անցկացրեք` մեկ գավաթ գինի ըմպելով և քաղաքի անցուդարձին հետևելով:
- Անդորր
Վալենտինի օրը կարող է անցնել թեժ և գունեղ, ինչպես նաև խաղաղ մթնոլորտում: Հետևեք Ձեր տրամադրությանը և եթե ցանկանում եք ոչինչ չանել, ապա գեթ մեկ օր թույլ տվեք Ձեզ այդ ճոխությունը և սիրո տոնն անցկացրեք տանը՝ հանգստացնելով միտքը, հոգին և մարմինը:
Տեքստի և լուսանկարի հեղինակ՝ Անի Գաբուզյան