ԱՄՆ-ում տղամարդն ութերորդ հարկի բարձրությունից ընկել է սառույցի վրա եւ հրաժարվել բժիշկների օգնությունից։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսի մոտակայքում։ Տեղի բնակիչը, ում անունը չի նշվում, գտնվում էր Palm Springs Aerial Tramway ճոպանուղու վերին կայարանում։ Ինչ-որ պահի նա վայր է ընկել հարթակի եզրից, թռել գրեթե 23 մետր ցած և հայտնվել սառույցի վրա։
Փրկարար ծառայության ուղղաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մոտակայքում, ուստի հրշեջները ստիպված են եղել տուժածին բարձրացնել հատուկ պատգարակով։ Երբ փրկարարները հասել են տղամարդուն, պարզվել է, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել և հոսպիտալացում չի պահանջվում։