Կարծրատիպերը մեր կյանքի անբաժանելի մասն են: Դրանք ստեղծում է մեդիան, իսկ զարգացնում են մարդիկ: Մեդիան հստակ պատկեր է տալիս՝ ինչպիսին պետք է լինի կինը: Ինչպիսի արտաքին տեսքն է համարվում գեղեցիկ, որոշում է մեդիան՝ թունավորելով կանանց կյանքը և նրանց ստիպելով կոմպլեքսավորվել սեփական ինքնատիպ գեղեցությունից: Բոլոր մարմիններն են գեղեցիկ, և այսօր 168.am-ը ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն սիրել սեփական մարմինը և անտեսել մեդիայի և հասարակության արժեք չունեցող կարծրատիպերը:
- Զբաղվեք սպորտով
Նիհարելու համար չէ, այլ առողջության: Կարևոր չէ՝ ինչպիսի կազմվածք ունեք, սպորտով զբաղվելը կօգնի մարմինը պահել ներդաշնակության մեջ: Կարող եք ընտրել մարզասրահ կամ լողավազան այցելելու տարբերակը, բայց տնային մարզանքը կամ այգում առավոտյան վազքը նույնպես հրաշալի տարբերակներ են: Այս հարցում ևս անտեսեք գովազդները, որոնք ստիպում են համապատասխանել կեղծ չափանիշների: Զբաղվեք այն սպորտաձևով և այն պայմաններում, որոնք հարմարավետության զգացում են տալիս Ձեր մարմնին:
- Հրաժարվեք խիստ սննդակարգից
Մոդելային կազմվածքը երազանք է բազմաթիվ կանանց և աղջիկների համար, ինչին վերջիններս ձգտում են ամենածայրահեղական տարբերակներով: Բայց հրաժարվելով առավոտյան սուրճի հետ տաք կրուասանից, հիշեք, որ այդ նույն մոդելները, որոնց կազմվածքին նախանձում եք Դուք, երազում են այն բոլոր ուտեստների մասին, որոնցից իրենք զրկված են աշխատանքի բերումով: Կերեք այն ամենը, ինչը երջանկացնում է Ձեզ, միայն հիշեք չափավորության մասին:
- Լավ օրինակներ
Մեդիան ինքը տարիների ընթացքում հասկացավ, որ նիհարության պրոպագանդան ոչ մի լավ արդյունքի չի բերի: Գեր կանանց դժվար էր հագուստ գնել, ինչի պատճառով շատերն այլ տարբերակ չէին գտնում, քան նիհարելը: Այնպիսի կանանց պայքարի շնորհիվ, ինչպիսիք են պլյուս-սայզ մոդելներ Էշլի Գրեհեմը, Իսկրա Լոուրենսը, Թես Հոլիդեյը, բոդի-պոզիտիվ արշավները կարողացան փոխել նորաձևության աշխարհը՝ այն դարձնելով հասանելի տարբեր կազմվածքներ ունեցող կանանց:
- Գիրությունը տգեղություն չէ
Հավանաբար լսել եք այսպիսի արտահայտություն՝ «Գեր ես, բայց գեղեցիկ»: Գեր լինել չի նշանակում՝ լինել տգեղ: Մարմինները տարբեր են, և այդ տարբերությունը միայն հրաշալի է: Որքան անհետաքրքիր կլիներ աշխարհը, եթե բոլորն ունենային միանման կազմվածք: Եվ հիշեք՝ Վերածննդի ժամանակաշրջանում փարթամ մարմինները լավագույն նկարիչների մուսան էին:
- Առողջ սեռական կյանք
Լինել գեր, չի նշանակում՝ լինել զրկված սեքսուալությունից:
Հետազոտություններն ապացուցում են՝ տղամարդու ուղեղը փարթամ մարմինն ընկալում է՝ որպես պարգև, և թողնում է այնպիսի ազդեցություն, ինչպիսին կարող են թողնել թմրանյութերը և ալկոհոլը: Վայելեք Ձեր մարմնի հնարավորությունները, սիրեք այն և թույլ տվեք նրան լինել սիրված՝ զերծ անառողջ չափանիշներից:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան
Գլխավոր լուսանկարը՝ Լի Բրեյմի
Իլյուստրացիան՝ Լարիսա Զայցևայի