Բենզինի թանկացման համար կարող են տարբեր պատճառներ լինել, առաջին հերթին` Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների անկայունության ֆոնին։ Տնտեսվարողները փորձում են այդ կերպ կանխել ապագա հնարավոր շահույթի նվազումն ու կառավարել ռիսկերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Նրա խոսքով` հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ (որտեղից կատարվում է հիմնական մատակարարումը), չի բացառվում, որ ներմուծող ընկերությունները մտավախություն ունեն լոգիստիկ շղթաների որոշակի խափանումների հետ կապված, հետևաբար այդ կերպ ևս փորձում են իրենց նախապես ապահովագրել։
«Մյուս կողմից` տեղի տնտեսվարողների կողմից միշտ էլ հավելյալ շահույթ ստանալու նպատակով գների կամայական բարձրացում իրականացնելու փորձեր կարող են արվել։ Թեև բենզինի շուկան գնալով ավելի մրցակցային է դառնում, բայց նույնիսկ այդ պարագայում գերշահույթ ստանալու ակնկալիք, առավել ևս` տևական ժամանակահատվածում, դժվար թե լինի։ Ավելի շատ խոսք է գնում ապահովագրության կամ տնտեսվարողների պատկերացումների շրջանակում ռիսկերի կառավարման մասին»,– ասաց տնտեսագետը։
Քթոյանի խոսքով` նման իրավիճակը երկար տևել չի կարող, քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում ներմուծվող բենզինը որոշակիորեն կէժանանա, ինչը մեզ մոտ ևս գների նվազման ուղղությամբ ազդեցություն կունենա։
Տնտեսագետի դիտարկմամբ` վառելիքի միջազգային շուկայում գների տատանման ազդեցությունը Հայաստանի նման երկրների վրա միանգամից զգացվում է, որովհետև նավթի միջազգային գնի աճը Հայաստանում կբերի նաև բենզինի գների ավելացման և դրա պատճառահետևանքային կապը ներկրող ընկերությունները տեսնում են, հետևաբար չեն սպասում թանկացմանը, այլ փորձում են կանխարգելիչ քայլեր իրականացնել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am