Չնայած իշխանությունների արգելքին՝ Ռուսաստանի քաղաքներում շարունակվում են հակապատերազմական ցույցերը։
Չորեքշաբթի տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հակապատերազմական ցույցի ժամանակ՝ այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին բանտից ռուսաստանցիներին կոչ էր արել բողոքել Ուկրաինա ներխուժելու դեմ։
Պատերազմի առաջին իսկ օրվանից քաղաքում հակապատերազմական ցույցեր են տեղի ունենում՝ «Ո՛չ՝ պատերազմին» կարգախոսով։
«Չգիտես ինչու՝ մեր փոխարեն որոշում են, որ մենք պետք է կռվենք։ Մեզ հարկավոր չէ կռվել։ Այն, ինչ կատարվում է, լրիվ անհեթեթություն է»,- ասում է ցուցարարներից մեկը։
«Ես դեմ եմ պատերազմին։ Իմ ամուսինը ուկրաինացի է, ես ռուս եմ։ Մեր որդին կիսով չափ ուկրաինացի է, կիսով չափ՝ ռուս։ Ես դեմ եմ մեր եղբայրների սպանությանը»,- ասում է ցույցի տարեց մասնակիցը։
Իրավապաշտպանների տվյալներով՝ վերջին օրերին ձերբակալվել է գրեթե յոթ հազար ցուցարար։
Փոխանցում է euronews-ը։