ՀՀ ՄԻՊ Գրիգորյանն այցելել է Արցախի Խրամորթ գյուղ. պատերազմից հետո բոլորը վերադարձել են հարազատ բնակավայր
Advertisement 1000 x 90

ՀՀ ՄԻՊ Գրիգորյանն այցելել է Արցախի Խրամորթ գյուղ. պատերազմից հետո բոլորը վերադարձել են հարազատ բնակավայր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մարտի 5-ին Արցախ այցի շրջանակում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազին, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին։ Այդ մասին ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ Գլխավոր դատախազությունում։ Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։

Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:

Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արցախի դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է լարված պահել իրավիճակը Խրամորթ գյուղի գոտում. մարտի 6-ի առավոտյան Ադրբեջանը ինտենսիվ կրակել է գյուղի ուղղությամբ, և իրավիճակը հանդարտեցվել է ՌԴ խաղապահների շնորհիվ։