Օրերս քաղաքացիներից մեկն ակցիա էր անում կառավարության դիմաց՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ոչ կոռեկտ ու նյարդայնացած ելույթի, որի արդյունքում ԱԺ նիստը ընդհատվեց։ «Ես, որպես ՀՀ թասիբով տղամարդ, եկել եմ կառավարության շենք։ Ես եկել եմ, որ թափ տամ քո վրա էլ, քո կնոջ վրա էլ․․․»,- ասել էր տղամարդը, որից հետո նրան անմիջապես բերման էին ենթարկել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հետաքրքրվեցինք տղամարդու ճակատագրով։
«Դա եղել է ուրբաթ կամ շաբաթ օրը։ Անձը վարչական իրավախախտման համար բերվել է բաժին ու արձանագրություն է կազմվել, բաց է թողնվել արդեն»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հիշեցնենք, մարտի երկուսին, ընդդիմադիր պատգամավորի հարցը հունից հանեց Փաշինյանին։ Պատգամավորի՝ օրենսդիրի հետ առանց մատ թափ տալու խոսելու պահանջին Փաշինյանը կոշտ արձագանքեց։
«Իսկ այն, որ դուք օրենսդիր եք, չի նշանակում, որ տակից-գլխից կարող եք ամեն ինչ խոսել, կներեք: Ես Ձեզ պարզ հարց եմ տալիս, ասում եմ` ով որ ինձ ասի` ես հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսալու ու մատով եմ խոսացել: Տո ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել։ Եթե Սանասար էր, ինչի՞ եք գնացել, հանձնել, «Մադրիդյան սկզբունքներում» Դուք եք գրել, Դուք էիք պաշտպանության նախարարը: Ուրեմն, ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ», – հայտարարեց նա։ Դիտարկմանը, թե կառավարության ներկայացուցիչը իրավունք չունի օրենսդիրի հետ այդ տոնով խոսել, մատ թափ տալ, Փաշինյանը արձագանքել էր, թե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտա։