Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայքլ Փենսի երդմնակալության արարողությունը: Նրանք հավատարմության երդում կտան Սահմանադրությանը և երկրին:
Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր ղեկավարը պաշտոնն ստանձնելուց առաջ կայցելի Սպիտակ տուն: Նախատեսվում է, որ Դոնալդ Թրամփին կուղեկցի նրա կինը՝ Մելանյան: Ինչպես սպասվում է նրանց շքամուտքի մոտ կդիմավորի ԱՄՆ-ի վարչակազմի հեռացող ղեկավար Բարաք Օբաման: Փենսիլվանիա-ավենյուի նախագահական նստավայր կգան նաև Փենսը և նրա կինը՝ Քարենը, ինչպես նաև Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի պաշտոնակալության հանդիսությունների անցկացման համատեղ կոմիտեի ղեկավարները:
Սպիտակ տանը հավաքվածները կարճատև շփում կունենան, իսկ այնուհետև նախագահական ավտոշարասյունը կուղևորվի Կապիտոլիումի բլուր՝ Կոնգրեսի շենք, որտեղ տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երևանի ժամանակով ժամը 20:30-ին) կսկսվի երդմնատվության արարողությունը:
Թրամփի և Փենսի պաշտոնակալությունը կկայանա ամերիկյան հասարակության մեջ տեղի ունեցած պառակտման ֆոնին, որը նոյեմբերյան ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն խորացել է:
Հունվարի 18-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալության պատվերով, վկայում են, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության (56 տոկոսի) կարծիքով՝ երկիրն ընթանում է ոչ ճիշտ ուղղությամբ: Նրանց հետ համաձայն չէ հայրենակիցների 42 տոկոսը:
Նոր սոցիոլոգիական հետազոտությունը նաև ի հայտ է բերել, որ ամերիկացիների 86 տոկոսի համար, Վաշինգտոնում իշխանափոխության կապակցությամբ, առաջնային են ներքին քաղաքականության հարցերը, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, միջռասայական լարվածությունը: Արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես պարզվել է, կարևոր են հարցվածների 56 տոկոսի համար: Դրանց թվում են նախևառաջ ներգաղթը և ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: