Կանադայում հունվարի 19-ին մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` Քնար Եմենիջյանը: Եմենիջյանը 107 տարեկան էր:
Նա ծնվել է Կեսարիայում (թուրքական Կայսերի) 1909 թվականին: Ընտանիքի բոլոր անդամներին հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ:
Նրա պատմությունները հիշում է որդին՝ Հովսեփը, ով պատմում է. «Մորս հայրը զինվորական է եղել: Նրա ընտանիքին թուրք ծառայակիցն է փրկել, թաքցրել ֆերմայում: Մի քանի օր նրանք ամբարում են ապրել: Ամիսներ շարունակ ուտելու բան գրեթե չեն ունեցել: Իսկ պապս, ով բանակում է մնացել, տիֆով հիվանդացել է: Ասել են՝ «Առանց այն էլ կմեռնի» և չեն սպանել, պարզապես հեռացրել են բանակից: Նա գտել է իր ընտանիքին, բայց տիֆը նաև նրանց է հասել: Բարեբախտաբար, կարողացել են հաղթել հիվանդությանը»:
Ընտանիքը կարողացել է վերադառնալ իր հրդեհված տան ավերակների մոտ: Այնտեղ էլ 10 տարի շարունակ ապրել են ուրիշի անվան տակ, ստիպված ներկայացել են որպես մահմեդական: Դրանից հետո Եգիպտոս են տեղափոխվել, վերականգնել են իրական անունները: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Կանադա: