ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը, սակայն նա այսօր հայտնել է իր պաշտոնավարման դադարեցման մասին.
«Շուրջ 3 տարի ղեկավարեցի Հայաստանի պետական մշակութային կառույցներից մեկը՝ Երգի թատրոնը: Հաղթահարելով Քովիդի և 44-օրյա պատերազմի ծանրագույն տարին, այնուամենայնիվ, եղան նաև մի շարք ձեռքբերումներ, կատարվեցին բազմաթիվ բարեփոխումներ, որոնք արդեն իրականություն են և տեսանելի: Արածներիս և չարածներիս մասին կխոսի ժամանակը, իսկ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ աշխատակազմին՝ կողքիս լինելու, պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրվածության համար:
Շնորհակալ եմ նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ հանձին նախարարի և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի, ով ցանկացած խնդրի դեպքում պատրաստակամ է եղել աջակցել և հենց նրա շնորհիվ այս տարի թատրոնի դահլիճը համալրված կլինի գերհզոր լուսաձայնային տեխնիկայով:
Շնորհակալ եմ նաև թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, մաեստրո Արթուր Գրիգորյանին, ով մշտապես եղել է կողքիս, ընկերություն արել և իր անբացատրելի էներգետիկայով վարակել ինձ: Ցավոք, Գրիգորիչի հեռանալով, մի շարք նախագծեր ու մտքեր մնացին կիսատ. բայց, ինչպես ինքն էր միշտ սիրում ասել՝ «Ամեն ինչ ժամանակավոր է ու անցողիկ, ընտանիքիդ շատ ժամանակ հատկացրու»:
Ցանկանում եմ բարի ընթացք և մեծ հաջողություններ մաղթել նոր տնօրենին՝ այդ դժվար և պատասխանատու պաշտոնում և իմ պատրաստակամությունն եմ հայտնում հետագայում էլ աջակցել ուժերիս ներածին չափով:
Մի փոքր հանգստանամ, որովհետև առջևում նոր նախագծեր են ու նոր փորձություններ: Բոլորիդ մաղթում եմ լավ օր, կհանդիպենք»: