Խոսակցությունները, թե բնակարանների գները 2-3 անգամ բարձրացել են, իրականությանը չեն համապատասխանում: Բնակարանների բարձր վարձավճարները պայմանավորված են տուրիստական սեզոնով, տների դեֆիցիտով և դրանք կարճաժամկետ վարձակալելով. նախորդ տարի էլ կրկին այս գներն էին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը՝ անդրադառնալով վարձակալությամբ բնակարանների շուկայում տիրող իրավիճակին։
Ըստ նրա՝ Ռուսաստանից, Բելառուսիայից և Ուկրաինայից ՀՀ ժամանած մարդկանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք վաղուց այստեղ գնած բնակարաններ ունեն և հենց այդտեղ էլ մնում են: Իսկ ՌԴ քաղաքացիները նախապատվություն են տալիս ապրել Կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարաններում.
«Նրանք վարձակալում են այն տները, որոնք տուրիստները միշտ վարձակալել են, բայց, այո՛, իրականում մոտավորապես 20%-30% բարձր գներով են հանձնում՝ պայմանավորված միայն բնակարանների դեֆիցիտով: Մենք առաջարկում ենք, որ Կենտրոնի և Արաբկիրի շրջաններում չվարձակալեն բնակարններ, այլ համայնքներ ենք առաջարկում, քանի որ իրենց աշխատանքը հեռավար է, սակայն տուրիստները կենտրոնացել են հենց այդ շրջանների վրա և, կարելի է ասել, իրենց մեղքն է, որ բարձր վարձավճար են վճարում: Հիմա այդ տարածքներում բնակարանների դեֆիցիտ կա և այդ ֆոնի վրա տան գները բարձրանում են»,- պարզաբանեց նա:
Անդրանիկ Հարությունովն ասաց՝ բնակարանների բարձր վարձավճարները պայմանավորված են ոչ միայն դրանց դեֆիցիտով, այլև այն հանգամանքով, որ դրանք կարճ ժամկետով են տրվում, ըստ նրա խոսքերի, երկար ժամկետների դեպքում, բնակարանները շատ ավելի մատչելի են լինում:
Ըստ մեր զրուցակցի՝ չարդարացված խուճապ է մարդկանց մոտ, և բնակարանների գների աճ, ամենևին էլ, չկա:
Մեր այն դիտարկմանը, թե օրինակ կան կայքեր, որոնցում ակնհայտ երևում է, թե բնակարանները ինչ բարձր գներով են դրված հայտարարությունների մեջ, Անդրանիկ Հարությունովն ասաց, որ դա էլ գալիս է անշարժ գույքի գործակալների ոչ պրոֆեսիոնալ լինելուց.
«Չկա այնպիսի փաստ, թե վարձակալությունը կրկնակի թանկացել է, սխալ ինֆորմացիայի տարածում է: Ուղղակի կան մարդիկ, որ այդպես են ընկալել: Նրանք իրենց բնակարանները դնում են կրկնակի, եռակի անգամ բարձր գներով՝ ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Դեպքեր կան, որ մարդիկ իրենց հին՝ 1-2 տարվա վարձակալներին հանում են՝ ասելով՝ դո՛ւրս եկեք, բերում եմ ռուս վարձակալներ: Այս ամենի խնդիրն էլ այն է, որ կոնկրետ այդ բնակարանը վարձակալելուց որևէ պայմանագիր չեն կնքել, և ամեն ինչ եղել է բանավոր»,- նշեց նա:
Վերջինս կարծում է՝ մարդիկ չէին մնա առանց բնակարաններ, վարձատուները դուրս չէին հանի տներից, եթե ամեն ինչ լիներ օրենքի սահմաններում՝ կնքված պայմանագրերով. «Հասարակությունը այդպես էլ չի ընդունում, որ օրենքով պետք է պայմանագիր կնքել, պարզապես, մարդիկ խուսափում են հարկեր վճարելուց: Խնդիրը այստեղ ոչ թե այն է, թե ինչու է տան տերը բարձր գին տվել, քանի որ իր սեփականությունն է, ինչ կուզի՝ կանի, այլ այն, որ կնքված պայմանագրեր չկան վարձատուի և վարձակալի միջև: Բոլորը, որ սկսեն պայմանագիր կնքել, այդ գումարները կգնան հարկային դաշտ. վերջապես պետք է հասկանալ, եթե ցանկացած տեղից թեկուզ 1 դրամ գումար ենք աշխատում՝ պարտավոր ենք պետությանը հարկ վճարել»,- ընդգծեց Անդրանիկ Հարությունովը:
Նա նշեց, որ պետք չէ Հայաստան ժամանածներին անվանել զբոսաշրջիկներ, քանի որ կարող է ստացվել այնպես, որ մնան այս երկրում.
«Եկե՛ք նրանց տուրիստ չանվանենք, շատ մեծ հարցականով են եկել Հայաստան՝ պետք է հասկանան ՌԴ վերադառնալո՞ւ են, կամ այլ երկիր գնալո՞ւ են, թե՞ մնալու են այստեղ: Այս ամենը կախված է մեր և մեր պետության վերաբերմունքից, որովհետև նրանց մեծ մասը պետռեգիստրում ընկերություն է գրանցել, ՀՀ-ում հաշիվ է բացել: Տարբեր ոլորտներից շատ լավ և խելացի մասնագետներ են եկել Հայաստան, եթե նրանք հասկացան, որ այստեղ իրենց լավ են ընդունում, կմնան և իրենց մնալով լիքը գումար կբերեն Հայաստան»,- ասաց նա:
Ավելի մանրամասն՝ lurer.com