Սրտամկանը մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի ամենաչնչին խանգարումն անգամ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ օրգանիզմի համար և նույնիսկ հանգեցնել մահվան: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է մշտական վերահսկողության տակ պահել սրտամկանի աշխատանքն ու խուսափել հնարավոր խանգարումներից:
Այս օրգանի աշխատանքի ամենատարածված խանարումն անոթազարկի արագացումն է, որի դեպքում մարդիկ սովորաբար հատուկ դեղորայք են ընդունում, սակայն որոշ դեպքերում դեղորայքը ընդունելու անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրը հնարավոր է կարգավորել նաև բնական միջոցներով։
Սրտաբան Աննա Կորենևիչը ներկայացրել է անոթազարկի արագացման դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցները։ Ինչպես նշում է մասնագետը, առողջ մարդու սրտի զարկերի հաճախականությունը հանգստի պահին սովորաբար րոպեում 60-80 զարկ է լինում, իսկ դրանից բարձր ցուցանիշն արդեն ենթադրում է որոշակի միջոցների ձեռնարկում։ Այնուամենայնիվ մասնագետը խորհուրդ է տալիս նախ ստուգել հիվանդի ընդհանուր վիճակը, ապա միայն որևէ միջոց ձեռնարկել։
«Արագացած անոթազարկի դեպքում, երբ հանգստի պահին սիրտը մեկ րոպեում անում է ավելի քան 120-140 զարկ, շատ կարևոր է զարկերակային ճնշման ստուգումը։ Եթե ճնշումը 90/60 մմ/սս-ից ցածր է, ապա հարկավոր է շտապօգնություն կանչել։ Մյուս բոլոր դեպքերում կարելի է ինքնուրույն առաջին բուժօգնություն ցուցաբերել»,- նշել է մասնագետը։
Կորենևիչը ներկայացրել է չորս արդյունավետ միջոց, որոնք կօգնեն առանց դեղորայքի պայքարել սրտի զարկերի հաճախականության արագացման դեմ։
1-ին մեթոդը․
Առաջին մեթոդի համար գիտնականները կիրառում են «վագուսային թեստեր» տերմինը, որը ենթադրում է թափառող նյարդի խթանում։ Սա թույլ է տալիս կարգավորել սրտի ռիթմն ու դանդաղեցնել անոթազարկը։ Ցանկալի արդյունքին հասնելու ամենապարզ միջոցը մատներով լեզվի արմատի հատվածում ներգործելն ու փսխման ռեֆլեքս առաջացնելն է։
2-րդ մեթոդը․
Սրտի աշխատանքը կարգավորելու մյուս միջոցը շնչառական վարժությունների միջոցով որովայնի ու կոնքի մկանները լարելն է։ Հարկավոր է նստել, խորը շունչ քաշել, այնուհետև ձեռքով փակել քիթն ու բերանը և հնարավորինս ձգել որովայնի ու կոնքի մկանները։ Այս դիրքով հարկավոր է նստել հնարավորինս երկար, որից հետո կրկնել վարժությունը։
3-րդ մեթոդը․
Անոթազարկի արագացման դեպքում կարելի է նաև փորձել ինքնուրույն հանգստանալ։ Նման դեպքերում արդյունավետ են լինում հանգստացնող միջոցները, սակայն դրանց բացակայության դեպքում ոչ պակաս արդյունավետ կարող են լինել նաև անանուխի համով կոնֆետները, սառնաշաքարն ու մաստակը։
4-րդ մեթոդը․
Եթե հանգստի պահին անոթազարկը գերազանցում է րոպեում 120 զարկը, ապա խնդիրը պայմանավորված է առիթմիայով։ Այս դեպքում հարկավոր է հնարավորինս ազատվել լարվածությունից և հանգստացնող միջոցներ ընդունել։ Բացի այդ, ոչ պակաս արդյունավետ կարող է լինել ոտքերի տակ որևէ բան դրած պառկելը, ինչի շնորհիվ ոտքերն ավելի բարձր դիրքում կլինեն։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru