Ամենաարդյունավետ միջոցը գարնանը վիտամին D-ի դեֆիցիտից ազատվելու համար
Advertisement 1000 x 90

Ամենաարդյունավետ միջոցը գարնանը վիտամին D-ի դեֆիցիտից ազատվելու համար

Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որի բավարար մակարդակն օրգանիզմում օգնում է պաշտպանվել մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացումից ու բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մինչդեռ դրա դեֆիցիտը կարող է բավական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։

Գարնանն այս տարրի դեֆիցիտը շատ հաճախ է հանդիպում, սակայն ներզատաբան, սննդաբան Վիկտոր Ժիլյաևը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ներկայացրել է մի քանի արդյունավետ միջոց օրգանիզմում վիտամին D-ի պակասը լրացնելու համար։

Մասնագետի խոսքով՝ վիտամին D-ն նպաստում է սննդի մեջ պարունակվող կալցիումի յուրացմանը, ուստի 60 տարեկանից բարձր տղամարդկանց ու դաշտանադադարի տարիքի կանանց օրգանիզմում այս տարրի բարձր մակարդակը շատ կարևոր է ոսկորների ամրության պահպանման համար։

«Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակի դեպքում թուլանում է նաև իմունային համակարգը։ Մկանային տոնուսի ու սրտանոթային համակարգի վրա վիտամին D-ի ունեցած դրական ազդեցությունը նույնպես ապացուցված է։ Բացի այդ, այն անուղղակիորեն մասնակցում է նաև զարկերակային ճնշման կարգավորմանը», – հավելել է բժիշկը։

Այս տարրի մակարդակն օրգանիզմում նորմայի սահմաններում պահելու համար խորհուրդ է տրվում արևային լոգանք ընդունել, քանի որ արևի ճառագայթներն օգնում են օրգանիզմին վիտամին D սինթեզել, սակայն քաղաքային պայմաններում այս մեթոդի կիրառումը կարող է անարդյունավետ լինել։ Նման դեպքերում կարելի է սոլյարի հաճախել, սակայն չի կարելի մոռանալ չափավորության սկզբունքի մասին, քանի որ նման պրոցեդուրաների չարաշահումը 75 տոկոսով բարձրացնում է մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Եթե վերոնշյալ մեթոդների կիրառումն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ, ապա մասնագետը խորհուրդ է տալիս տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ վիտամինային ու հանքանյութային հատուկ համալիրներ ընդունել։ Նման հավելումներում ակտիվ բաղադրիչները պարունակվում են հետազոտությունների հիման վրա կազմված չափաբաժնով, որն անվնաս է մեծահասակ մարդու համար, սակայն անգամ դրանք հարկավոր է ընդունել չափավոր։

tert.am