Վարչապետի աշխատակազմը պետական բյուջեից հերթական գրանտն է տվել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «ֆեյքերի ՊՈԱԿ»։ ՊՈԱԿ-ին տրված հերթական դրամաշնորհը կազմում է ուղիղ 10 մլն դրամ։ Հատկանշական է, որ սա այս տարի արդեն 2-րդ գրանտն է այս ՊՈԱԿ-ին։
Oragir.news-ը արդեն գրել էր, որ Փաշինյանի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ էր տրամադրել ՊՈԱԿ-ին։ Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել էր 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացներ հետևյալ գործառույթները՝ արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն ու էլի նման բաներ։ 10 մլն դրամ դրամաշնորհով էլ ՊՈԱԿ-ը պիտի հայկական ԶԼՄ-ները մոնիթորինգ անի ու քարոզչական բնույթի նյութեր տրամադրի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին։
Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը 2018 թվականի իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։