Կայացած ղեկավարն ամեն ինչ անում է հանուն ժողովրդի, չկայացածը կարգախոսներով է գայթակղում
Advertisement 1000 x 90

Կայացած ղեկավարն ամեն ինչ անում է հանուն ժողովրդի, չկայացածը կարգախոսներով է գայթակղում

Կայացած ղեկավարն ամեն ինչ անում է հանուն ժողովրդի, չկայացածը կարգախոսներով է գայթակղում

Եկեք անկեղծ լինենք։ Ցանկացած ղեկավար ունի երկընտրանք՝ կա′մ փայլուն արհեստավարժների թիմ ստեղծելով, անմենօրյա տքնաջան աշխատանքով ապահովել երկրի բարգավաճումը, կա′մ եթե դա չի ստացվում, փորձել ժողովրդին կերակրել հնչեղ կարգախոսներով՝ «Մեր բրենդը ժողովրդավարությունն է», «Լիովին վերացրել ենք համակարգային կոռուպցիան», «Տարածաշրջանային խաչմերուկ ենք դառնում» եւ այլն։ Միանգամայն հասկանալի է, թե ինչու են որոշ ղեկավարներ նախընտրում այս երկրորդ՝ կարգախոսային ճանապարհը, այն ամենահեշտն է։ Դժվարն այն է, ինչ հաջողվեց իրագործել Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուին, որը մահացավ ուղիղ 7 տարի առաջ՝ 2015 թվականի մարտ ամսվա վերջին։

Անկախանալուց հետո Սինգապուրը հայտնվեց նույն վիճակում, ինչ Հայաստանը ավելի քան 30 տարի առաջ՝ վտանգավոր հարեւաններ եւ զրո բանակ, բնական պաշարների գրեթե իսպառ բացակայություն եւ բարձր գործազրկություն։ Արեւմտյան ամենահայտնի տնտեսագետներից մեկը, որին հրավիրեցին Սինգապուր, հոլանդացի Ալբերտ Վինսեմիուսը, չէր էլ թաքցնում իր հոռետեսությունը. «Սինգապուրը քայլում է դանակի սայրով, դուք պարզապես անհույս վիճակում եք»։ Լի Կուան Յուն խոստովանում է. «Ես կիսում էի նրա կարծիքը, բայց հանձնվելու մտադրություն չունեի»։

Հիմա՝ միայն թվեր եւ փաստեր։ Լի Կվան Յուի վարչապետության երեսուն տարիների ընթացքում նրա ղեկավարած պետությունը, որը «երրորդ աշխարհի» երկրներից էր, դարձավ «առաջին աշխարհի» առաջատարներից մեկը։ Մեկ բնակչին բաժին ընկնող համախառն ազգային արդյունքը 1000 դոլարից հասավ 18 հազար դոլարի, գործազրկությունը գրեթե իսպառ վերացվեց, բնակչության թիվը կրկնապատկվեց եւ հասավ 3 միլիոնի։ Եթե 1960 թվականին Սինգապուր էր այցելում տարեկան ընդամենը 100 հազար մարդ, ապա հիմա այդ թիվը հասել է 5,5 միլիոնի։

Բայց Լի Կուան Յուն հրաշալի հասկանում էր՝ հարեւան Մալազիան կարող է պարզապես «կուլ տալ» Սինգապուրը, եթե իր երկիրը չունենա հզոր բանակ։ Դե մենք էլ ենք անընդհատ կրկնում, որ պիտի մարտունակ զինված ուժեր ունենանք, ուղղակի դրան հասնելու չափազանց տարօրինակ ճանապարհ ենք ընտրել՝ տարեկան մի քանի պաշտպանության նախարար ու գլխավոր շտաբի պետ ենք փոխում։ Այնինչ Սինգապուրի վարչապետը միշտ ասում էր՝ ուժեղ բանակ ունենալու համար մեզ անպայման հարկավոր են գրագետ սպաներ։ Ու նրա խոսքը, իրոք, գործ էր։ Կառավարությունն ամեն տարի համալսարաններում ընտրում էր ամենատաղանդավոր ուսանողներին, ուղարկում նրանց Օքսֆորդ, Քեմբրիջ եւ այլ համալսարաններ՝ ֆինանսավորելով ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ Պայմանը մեկն էր՝ արտասահմանում սովորելուց հետո այդ երիտասարդները պարտադիր պետք է 8 տարի ծառայեին բանակում, իսկ այնուհետեւ նրանք կամ շարունակում էին ծառայությունը, կամ բարձր աշխատավարձով ընդունվում պետական աշխատանքի ։

Երկրորդ կարեւոր խնդիրը գործազրկության վերացումն էր։ Լի Կուան Յուն խոստովանում է. «Երբ պատահաբար անցնում էի որեւէ դպրոցի մոտով, նայում էի աշակերտներին ու մտածում՝ լա′վ, էլ ի՞նչ կարելի է անել, որ այս երեխաները դպրոցն ավարտելուց հետո աշխատանք ունենան»։ Արտադրողները շատ շուտ զգացին, որ վարչապետի այս մտահոգությունը բոլորովին նման չէ որոշ այլ երկրների ղեկավարների դատարկ կարգախոսներին, երբ միջին եւ փոքր բիզնեսի զարգացումը առաջնային նպատակ է հռչակվում, այնինչ իրականում գրեթե ամեն երկրորդ խանութի ցուցափեղկին գրված է. «Վաճառվում կամ տրվում է վարձով»։

Սինգապուրի վարչապետը անձամբ մեկնեց Միացյալ Նահանգներ՝ սովորելու։ Այո-այո′, արդեն 9 տարի վարչապետ էր, բարձրագույն կրթություն էլ, բնականաբար, ուներ,բայց Հարվարդի համալսարանում ստացավ «պատվավոր ուսանողի» կարգավիճակ, մանրամասն ուսումնասիրեց տնտեսության զարգացման ամենաառաջադեմ փորձը եւ հասկացավ, որ գործազրկությունը նվազեցնելու հիմնական ճանապարհը շարքային քաղաքացու համար այնպիսի բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որ նա կարողանա հիմնել իր սեփական բիզնեսը։ Միայն 1970 թվականին մոտ 400 հազար սինգապուրցիներ հավաստագրեր ստացան, որոնցով 5 տարով ազատվում էին հարկերից։ Հետագայում այդ 5 տարին դարձավ 10 տարի։ Եւ հայաստանցի ղեկավարների երեւի թե ամենասիրած կարգախոսներից մեկը. «Մարդն է մեր գլխավոր կապիտալը», իրականություն դարձավ Սինգապուրում։

Հանուն ճշմարտության փաստենք, որ Լի Կուան Յուն նաեւ ամենախիստ քննադատության է ենթարկվել ղեկավարման ավտորիտար ոճի, դեմոկրատիայի նկատմամբ քամահրական վերաբերմունքի, ընդդիմադիրների եւ լրատվամիջոցների հանդեպ ճնշումներ բանեցնելու համար։ Բայց ինքը դա երբեք չի հերքել։ Մեջբերեմ. «Ես չեմ ասում, թե այն ամենն, ինչ արել եմ, ճիշտ էր։ Այո, հարկադրված էի նաեւ անդուր բաներ անել։ Բայց բոլոր դեպքերում՝ ինչ որ արել եմ, միայն ու միայն բարի նպատակներից ելնելով եմ արել»,-հայտարարել է վարչապետը, որի օրոք պստիկ Սինգապուրը դարձել է Ասիայի ամենազարգացած երկրներից մեկը։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա



Նման նյութեր