Եթե մարդը չափից ավելի շատ սուրճ է խմում, դա կարող է հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների, հավաստիացնում է գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան (Ռուսաստան)։
Ura.ru-ի հարցազրույցում մասնագետը նշել է, որ եթե մարդը չափից ավելի շատ սուրճ է խմում, օրինակ՝ օրական 8-10 գավաթ, ապա նյարդային համակարգը գերգրգռվում է։ Սուրճը խախտում է նաեւ քունը, նվազեցնում աշխատունակությունը, վատթարացնում ընկալունակությունը, ստիպում սրտին աշխատել ավելի արագ, այն նաեւ այրոց է առաջացնում։ Ավելին, տղամարդկանց մոտ սուրճի չարաշահումը բացասաբար է ազդում նաեւ սերմնաժայթքման վրա։
«Իսկ եթե մարդը դրա հետ միասին նաեւ ծխում է, ապա պարզապես տեղի է ունենում կերակրափողի սպանություն։ Ուստի, սուրճ օգտագործելու հարցում հավասարակշռություն է հարկավոր»,- նախազգուշացրել է մասնագետը։
Իր հերթին, սննդաբան, նուտրիցիոլոգ Իրինա Պիսարեւան նշել է, որ սուրճը կախվածություն է առաջացնում՝ շնորհիվ տոնուսը բարձրացնող էֆեկտի։ Բայց սուրճի կախվածությունից կարելի է ազատվել ընդամենը 3 շաբաթում։
Եթե շատ սուրճ խմելուն վարժված մարդը հանկարծ դադարի անել դա, կբախվի վատ ինքնազգացողությանը. օրգանիզմը կոֆեին կպահանջի։ Բայց եթե 3 շաբաթ սուրճ չխմեք, կախվածությունը կանհետանա։