Ինչով է սպառնում կալիումի անբավարար մակարդակը
Advertisement 1000 x 90

Ինչով է սպառնում կալիումի անբավարար մակարդակը

Կալիումը կարևոր տարր է, որի անբավարար մակարդակն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա: Econet.ru-ի հաղորդմամբ՝ կարևոր է հետևել սննդակարգին՝ օրգանիզմին անհրաժեշտ քանակով կալիումով ապահովելու համար:

Կալիումն անհրաժեշտ է մկանային հյուսվածքների, սրտի ռիթմի, pH-ի մակարդակի կարգավորման, բջիջներին սննդարար նյութեր հասցնելու, ինչպես նաև օրգանիզմում հեղուկի մակարդակը կարգավորելու համար: Որպես կանոն՝ այս հանքանյութի մակարդակն օրգանիզմին չի բավականացնում վատ սնվելու, ինչպես նաև մեծ քանակով աղի մթերք օգտագործելու հետևանքով:

Կալիումի մակարդակի նվազման պատճառ կարող են դառնալ նաև.

  • երիկամների հիվանդությունները
  • դեղամիջոցների, հատկապես՝ միզամուղների և հակաբիոտիկների օգտագործումը
  • ջրազրկումը առատ քրտնարտադրության, դիարեայի կամ փսխման հետևանքով
  • մագնիումի անբավարար մակարդակը:

Օրգանիզմում նկատվող որոշ նշաններ կարող են օգնել հասկանալ, որ կալիումի մակարդակը նորմայից ցածր է:

  1. Հոգնածություն: Ուժերի անկում, հյուծվածություն, էներգիայի բացակայություն… այս վիճակի պատճառ կարող է դառնալ նաև կալիումի անբավարար մակարդակը, քանի որ այս հանքանյութն ապահովում է ջրի և էլեկտրոլիտների հավասարակշռությունը, էներգիայի արտադրումը, դրա փոխանցումը բջիջներին:
  2. Ճնշման բարձրացում: Կալիումն օգնում է հանգստացնել արյունատար անոթները, նատրիումը հեղուկը պահում է օրգանիզմում: Երբ օրգանիզմում կալիումի մակարդակը նվազում է, բարձրանում է նատրիումի մակարդակը, ինչի արդյունքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, բարձրանում է զարկերակային ճնշումը:
  3. Մկանային թուլություն, ջղաձգումներ: Կալիումը կարևոր է մկանների աշխատանքի համար: Որքան մեծ է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այնքան շատ կալիում է կորցնում օրգանիզմը:
  4. Առիթմիա: Կալիումը հատկապես կարևոր է սրտի աշխատանքի համար: Երկար ժամանակ այս հանքանյութի անբավարար մակարդակը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարումների:
  5. Փորկապություն: Նյութափոխանակության համակարգի նորմալ աշխատանքի համար կարևոր է մկանների աշխատանքը, իսկ կալիումը պատասխանատու է մկանների կրճատման համար: Այս հանքանյութի անբավարար մակարդակը կապված է աղիների անցանելիության խնդիրների և նյութափոխանակության վատացման հետ:
  6. Վերջույթների թմրածություն, ծակոցներ: Նյարդային ազդակների փոխանցման խանգարումը վերջույթների թմրածության ու ծակոցների պատճառ է դառնում:
  7. Գլխապտույտ: Կալիումի ցածր մակարդակը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա, ինչի արդյունքում գլխուղեղը բավարար քանակով թթվածին չի ստանում: Արդյունքում՝ գլխապտույտ է առաջանում:
  8. Այտուցվածություն: Կալիումի անբավարար մակարդակի վրա ազդող էական գործոններից մեկը վերամշակված սննդի օգտագործումն է: Որպես կանոն՝ դրանցում մեծ քանակով նատրիում է պարունակվում: Արդյունքում՝ օրգանիզմում հեղուկ է կուտակվում:

Ինչպես վերականգնել կալիումի մակարդակը

Կալիումը մակարդակը հեշտությամբ կարող է վերականգնվել սննդի միջոցով: Սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.

  • ավոկադո
  • կանաչ բանջարեղեն
  • գազար
  • կարտոֆիլ
  • լոբազգիներ
  • ցիտրուսային մրգեր
  • սունկ
  • տանձ
  • բանան
  • սև սալոր
  • չամիչ
  • ձմերուկ
  • պիստակ
  • տավարի միս
  • ձուկ
  • կաթ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am