Լավագույն բնական միջոցները կոկորդի ցավը մեղմելու համար․ 4 արդյունավետ բաղադրատոմս
Advertisement 1000 x 90

Լավագույն բնական միջոցները կոկորդի ցավը մեղմելու համար․ 4 արդյունավետ բաղադրատոմս

Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկն է, սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր: Նման ցավը բավական տհաճ է և խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ թույլ չտալով ինչպես հարկն է կատարել անհրաժեշտ գործերը, ուստի զարմանալի չէ, որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել դրանից:

Կոկորդի ցավի դեմ պայքարում, որպես կանոն, կիրառվում են տարատեսակ դեղամիջոցներ, բուժիչ օշարակներ կամ սառնաշաքարներ, որոնք սակայն ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում, քանի որ պարունակում են վնասակար քիմիական տարրեր, սակայն, բարեբախտաբար, նմանատիպ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ կարելի է պատրաստել նաև ինքնուրույն՝ օգտագործելով միայն բնական բաղադրիչներ, որոնք  ոչ միայն ավելի արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի են ու անվնաս։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս պարզ, արդյունավետ ու փորձված ժողովրդական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել կոկորդի ցավն ու կազատեն տհաճ զգացողություններից։

  • 1 ճաշի գդալ վաղենակի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել և օգտագործել կոկորդի ողողումներ անելու համար:
  • Կես բաժակ թարմ քամած ստեպղինի հյութին ավելացնել նույն քանակությամբ գոլ ջուր ու 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել։ Ստացված բուժիչ ըմպելիքը կարելի է խմել կամ կիրառել ողողումների համար։
  • 1 ճաշի գդալ չորացրած եղեսպակին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս 45 րոպե և  քամել։ Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել գոլ վիճակում յուրաքանչյուր երկու ժամը մեկ կոկորդի ողողումներ անելու համար:
  • Խառնել մեկական ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկները, նվենու տերևներն ու վաղենակի ծաղիկները, այնուհետև խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 1 ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է կիրառել գոլ վիճակում ողողումների համար։

Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ և օգնում են շատ արագ ազատվել կոկորդի ցավից ու տհաճ զգացողություններից, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում նման ցավը կարող է պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցները կարելի է կիրառել բացառապես մասնագետի հետ խորհրդակցելուց ու անհրաժեշտ բուժզննումն անցնելուց հետո։ Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել կոկորդի ցավի հիմնական պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

tert.am