Femen-ի ակտիվիստուհի Յանա Ժդանովան հայտարարել է, որ Ուկրաինայում շարժումն այլևս գոյություն չունի: Այդ մասին պատմել է «Ապաթարց» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունվարի 23-ին:
«Բոլորը բաժանվեցին, ինչպես նավերը ծովում: Թիմը, որն առաջ կար, արդեն չկա»,-հայտնել է Ժդանովան: Նրա խոսքով՝ առանձին ակցիաներ տարբեր երկրներում դեռևս անցկացվում են, սակայն այդ գործունեությունը Femen-ի հետ ընդհանուր քիչ բան ունի:
Ակտիվիստուհին նաև նշել է, որ շարժման կազմալուծումն սկսվեց 2015 թվականից, երբ նրանում հայտնվեցին «ինքնահռչակ» առաջնորդներ:
«Մենք ավարտեցինք ճիշտ այնպես, ինչպես մյուս դասական ֆեմինիստական կազմակերպությունները, բոլորը գժտվեցին»,-եզրափակել է նա:
Femen-ը պաշտոնապես չգրանցված կանանց շարժում է (հիմնականում Ուկրաինայից ժամանածների), որը հայտնի է սկանդալային գործողություններով: Որպես կանոն, հասարակական տարբեր միջոցառումների վրա ուշադրություն գրավելու նպատակով ակտիվիստուհիներն օգտագործում են իրենց մերկ մարմինը: Գործում է 2008 թվականից: Առաջին ակցիաներն անցկացվել են առավելապես Կիևում, 2012 թվականից խումբն ակտիվությունը տեղափոխել է եվրոպական երկրներ: Շարժման հիմնադիրներն Էին Աննա Գուցոլը, Ալեքսանդրա Շևչենկոն և Իննա Շևչենկոն: