Ապրիլի 18-ին Գյումրիում էր ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը։ Ամերիկայում բնակվող հայազգի հայտնի երգիչը հանդիպում է ունեցել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի հետ։ Համայնքի ղեկավարը ողջունել է երգչի այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են Գյումրիում այս պահին իրականացվող ծրագրերի, հատկապես վերջին տարիներին Գյումրու զարգացման, զբոսաշրջային ներհոսքի և մի շարք այլ հարցերի մասին։ Վարդգես Սամսոնյանն այնուհետ հիշել է, որ 1988թ․-ի աղետալի երկրաշարժից հետո 1989 թվականին Հարութ Փամբուկչյանը մի ամբողջ համերգաշարի հասույթ տրամադրել է Գյումրու վերականգնմանը։
1988թ․-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրու նկատմամբ ցուցաբերած սրտացավ մոտեցման եւ անգնահատելի աջակցության համար ՀՀ վաստակավոր արտիստը պարգևատրվել է Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգրով։
ՀՀ վաստակավոր արտիստը «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու անդամ Սենիկ Խուբեսարյանի և Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի ուղեկցությամբ եղել է Գյումրու «Ամենափրկիչ» եկեղեցու տարածքում, ծաղիկներ դրել 1988թ.-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հարութ Փամբուկչյանը այցելել է նաև Մհեր Մկրտչյանի թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, զրուցել ու հիշողություններ պատմել Մհեր Մկրտչյանի հետ ունեցած հանդիպումներից, զրույցներից։