Մայիսի 1-ից Հայաստանում վերացվում են COVID-19-ի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, հանվում են պետական սահմանի ցամաքային եւ օդանավակայաններում տեղադրված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ եւ արագ ախտորոշման թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջները:
«Այսինքն, այս որոշմամբ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս որեւէ պահանջ կապված քովիդի հետ այլեւս չի գործի», – նշեց Ավանեսյանը:
Հանվում են քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ ՊՆ զինված ուժերում սահմանափակումները՝ կապված արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջների հետ:
Ավանեսյանը նշեց նաեւ, որ հանվում է դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլն վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը, ինչպես նաեւ աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: