ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի սեքսուալ արտաքինի և շքեղ զգեստապահարանի մասին չի խոսում միայն ալարկոտը: Իսկ ինագուրացիայի ժամանակ Առաջին տիկնոջ կրած զգեստն էլ ավելի թեժացրեց կրքերը: Սակայն այս դեպքում արդեն քննարկման բովանդակությունը հեռու էր դրական լինելուց: Բոլորը համատարած կրկնում էին, թե Մելանյա Թրամփը բառացիորեն կրկնօրինակել է առ այսօր ամենաոճային համարվող Ժաքլին Քենեդիի ոճը:
Մենք զրուցեցինք հագուստի դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ, ով հակիրճ, բայց դիպուկ մեկնաբանեց ԱՄՆ Առաջին տիկնոջ զգեստի շուրջ բարձրացված աղմուկը:
«Գեղեցիկ կին՝ գեղեցիկ զգեստով: Միանշանակ ձգտում էր նմանվել Ժաքլին Քենեդուն, քանի որ ԱՄՆ-ում Ժաքլին Քենեդին մինչ օրս համարվում է ոճի իկոնա»: Մեր դիտարկմանը, որ հնարավոր է՝ նրանից շատ ավելին էին սպասում՝ հաշվի առնելով նրա կրած նախորդ զգեստները, Ֆաինան պատասխանեց. «Նրանից պետք չէ շատ բան սպասել:Նա պարզապես ոչ գեղեցիկ ամուսնու գեղեցիկ կին է: Մելանյան ակնհայտ շատ էր անհանգստացել իր արտաքինի վերաբերյալ, և, թե ի՞նչ տեսք կունենար հենց այդ օրը: Այդ իսկ պատճառով «մի փոքր» կրկնօրինակել էր Ժաքլինին: «Լինել, ինչպես Ժաքլինը»՝ բավականին մեծ գայթակղություն է: Ըստ իս՝ նա բավականին գեղեցիկ է, սակայն ոճի զգացումը բոլորովին այլ բան է: Դա ներքին զգացում է: Հենց այդ պատճառով շատերը սիրում էին Միշելի ոճը: Իսկ Մելանյան գեղեցիկ կին է, ում սազում է ամեն ինչ: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զգեստին, ապա այն իդեալական է»:
Ի դեպ, Ֆաինան մեզ առաջարկեց ուշադրություն դարձնել մեկ այլ երևույթի վրա, ինչը տարածում է գտել համացանցում: Պարզվում է՝ Հայաստանում ևս կան Մելանյայի արդեն հայտնի զգեստի սիրահարներ: Համենայնդեպս, պատվերով կարելու առաջարկներն արդեն համացանցում են: Ներկայացնում ենք այն լուսանկարի տեսքով:
Քրիստինե Մարտիրոսյան