Շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի. Արամոն 49 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի. Արամոն 49 տարեկան է. life.panorama.am

Դերասան, երգիչ Արամոն այսօր նշում է ծննդյան 49-ամյակը: Տարիքային առանձնահատկության ու կյանքի ամենամեծ ձեռքբերումների մասին հոբելյարը խոսել է Life.panorama.am-ի հետ:

«Ուրախ եմ, որ ծնվել եմ, ապրում եմ: Երջանիկ եմ, որ վայելում եմ կյանքն ու այսօր տարիքս ևս մեկով ավելացավ»,- նշեց սիրված երգիչը:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Արամոն ընտանիքն է համարում.

«Վերագնահատելով կյանքս հստակ կարող եմ փաստել, որ կյանքիս ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս է եղել, ամենակարևոր տեղում որդիս է՝ Ավոս: Իհարկե, աշխատանքային բնագավառում ևս շատ ձեռքբերումներ եմ ունեցել, բայց ամենից ու ամենքից գլխավորը ընտանիքս է»,- նկատեց նա:

Չարված քայլերի համար Արամոն չի զղջում, ավելին՝ կարծում է, որ բացթողումներ գրեթե չունի.

«Կարծում եմ՝ այն, ինչ կարողացել եմ արվեստի բնագավառում անել, ես արել եմ: Փառք Աստծո, ամեն բան նորմալ է, ես հասցրել եմ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինել: Առջևում էլ շատ բան ունեմ անելու, հուսով եմ, որ կկարողանամ ավելին անել»,- հավելեց Արամոն:

49-ամյա դերասան-երգչի ամենակարևոր նպատակը կրկին որդու հետ է կապված.

«Կարևոր ցանկությունը կամ նպատակը իմ ու ընտանիքիս առողջությունն է ու միասին լինելը: Իսկ դրանից զատ նպատակներս Ավոյիս հետ են կապված, նրա հաջողություններն ինձ համար շատ կարևոր են: Նաև շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի»,- նշեց Արամոն ու շեշտեց.

«Թեև շատ եմ ուզում, որ տղաս ընտանիք կազմի, բայց ինքս ոչ մի կերպ արհեստականորեն չեմ արագացնում այդ պրոցեսը: Ես չեմ կարող այդ հարցում միջամտել, քանի որ նա պետք է գտնի իր կեսին, ինքը պետք է գա այդ մտքին, որ ամուր ընտանիք ունենա»:

Արամոյի ծննդյան օրվան այսօր հարազատներից ու ընկերներից զատ ներկա կլինի իր սիրելի հանդիսատեսը.

«Այսօր ունեմ ներկայացում՝ «Սև դառը շոկոլադ»-ը, որից հետո հավանաբար մտերմիկ երեկո կունենամ ընկերներիս հետ: Ինձ համար երջանկություն էր, երբ կեսգիշերին ինձ շնորհավորեց մայրս, ընտանիքս, հետո մտերիմ ընկերներս, բայց նաև շատ ուրախ եմ, որ անկախ ինձնից ու իրենցից՝ այսօր ծննդյանս օրվան ներկա կլինեն շուրջ 450 հանդիսատես, ովքեր դիտելով ներկայացումը ու ներկա լինելով, արդեն իսկ կշնորհավորեն ինձ: Ինձ համար մեծ հաճույք է, որ այսօր ես նաև բեմում եմ լինելու ու իմ սիրելի աշխատանքով եմ զբաղվելու»,- հավելեց օրվա հերոսը:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր