«Դիմադրություն» շարժումն առաջիկա օրերին չորս ուղղություններով անհնազանդության ակցիաներ է անելու, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մի պահ պատկերացրեք, որ այդ չորս խումբը դառնում է ութ, ութը՝ տասներկու, ու այդ օրը վերցնում ենք ամբողջ քաղաքը։ Սա մեր առաջիկա օրերի խնդիրն է, որը միասնաբար պետք է անենք։ Այսօր մենք դա ցույց տվեցինք, մենք ցույց տվեցինք, որ մեզ համար փակ փողոց, փակ հրապարակ չկա»,– հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս օրերին միջազգային ուշադրությունը սևեռված է «Դիմադրություն» շարժման գործողություններին։ «Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը չի թուրքացվելու։ Այս արձանագրումն ու այս հաղթանակն այլևս ակնհայտ է։ Դրա մասին գիտեն և՛ միջազգային հանրությունը, և՛ երկու թշնամի պետությունները։ Սա այլևս փաստ է և վերջ»,– նշեց նա։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ այն քաղաքացիներին, որոնք պայքարին հետևում են հեռակա։ Նա նշեց, որ «առանց Նիկոլ Հայաստանում» լինելու է համերաշխություն, քաղաքացին ապրելու է անվտանգ, ազատ ու բարեկեցիկ, գյուղացին չի մտածելու սերմնացուի, պարարտանյութի ու այլ հոգսերի մասին։
«Մենք միասնաբար, կենտրոնացնելով մեր ողջ ժողովրդի ռեսուրսը, հնարավորությունները, այլևս բացառելով նախկինում տեղ գտած բոլոր թերություններն ու սխալները, համախմբվելու ենք, բռունցք դառնանք և կառուցենք ուժեղ, անվտանգ և հզոր Հայաստան։ Սա է առանց Նիկոլ Հայաստանը, Նիկոլով դա հնարավոր չէ»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ շարժումն արդեն իրականացրել է իր գործողությունների 60-70 տոկոսը, իսկ մնացածը մասը կշարունակի անել կրկին կազմակերպված ձևով։
Խոսելով վաղվա անելիքների մասին՝ նա տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 13։00-ին, Վանաձորում հրավիրում են հանրահավաք, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ավտոերթով շարժվել դեպի Վանաձոր, ժամը 09։30-ին կարող են հավաքվել Աշտարակի խճուղու վրա՝ Կարմիր խաչի մոտ։
Բացի դրանից վաղը՝ ժամը 12.00-ին, Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթ, որին մասնակցելու են բացառապես կանայք և աղջիկները, երթի այս ֆորմատը եղել է կանանց ցանկությունը։ Վաղը նաև 18.00-20.00 Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա մշակութային ծրագիր, ինչից հետո տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի երթը։
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մասնակիցներն առաջարկել են վաղը նաև մեկ այլ միջոցառում անել․ Արցախի և Հայաստանի դրոշներով, ավտոմեքենաներում «Արցախն է կանչում» և «Զարթիր լաո» երգերը բարձր միացրած՝ քաղաքացիները կշրջեն մայրաքաղաքում և այդ տրամադրությունը փոխանցեն քաղաքացիներին։
Իշխան Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ «Դիմադրություն» շարժման պայքարին միացել են հայկական սփյուռքի մի շարք գաղթօջախներ։