Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը վերահսկելի է դառնում: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ խնդիրը հիմնականում կապված էր պտուղ-բանջարեղեն վաճառողների հետ: «Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում բացվել է 28 մինի շուկա, որտեղ և կարող են ազատ իրենց ապրանքը վաճառել բացօթյա առևտուր իրականացնողները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Դավիթ Օհանյանի խոսքով` 2015 թվականին փողոցներում բացօթյա վաճառք իրականացնող օրինազանցների նկատմամբ կազմվել է 1790 արձանագրություն, որի արդյունքում գանձվել է 46.1 միլիոն դրամ: 2016 թվականին 1116 արձանագրության դիմաց գանձվել է 26.1 միլիոն դրամ:
Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման խնդիրներին՝ Օհանյանը նշեց, որ վերջին երկու տարում այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատանք է տարվել: «2016 թվականին 15 հազար 522 թափառող կենդանի է վնասազերծվել: Կատարված աշխատանքների արդյունքում ծախսվել է 113 միլիոն 600 հազար դրամ»,-ասաց նա՝ հավելելով, որ 2017 թվականի համար անցկացված մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են: «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը կիրականացնի աշխատանքները 119 միլիոն 900 հազար դրամի սահմաններում: