Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը դարձել է Alzheimer՚s Research UK բրիտանական հետազոտական ինստիտուտի նախագահը, որն զբաղվում է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությամբ: Այդ մասին հայտնել է Telegraph թերթը:
Քեմերոնը դեմենցիայի ուսումնասիրությանը շատ ժամանակ էր հատկացնում դեռևս իր վարչապետության օրոք: 2012 թվականին նա գործարկել է Dementia Challenge ծրագիրը, որը կոչված էր մինչև 2025 թվականը գտնել հիվանդությունից ազատվելու միջոցը:
«Ես շատ ուրախ եմ՝ ստանձնելու Alzheimer՚s Research UK-ի՝ հավակնոտ բարեգործական ինստիտուտի նախագահությունը, որը խթանում է բժշկական ուսումնասիրություններն այս քայքայիչ վիճակի դեմ պայքարում»,-հայտարարել է Քեմերոնը:
Դեմենցիային են դասվում տարբեր դեգեներատիվ հիվանդություններ, որոնք հրահրում են ուղեղի ֆունկցիայի աստիճանական թուլացում: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ 2016 թվականի ապրիլի դրությամբ ամբողջ աշխարհում դեմենցիայից տառապում էր 47,5 մլն մարդ, և տարեկան հայտնվում է հիվանդության 7,7 մլն նոր դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: