Հոգեբանական բարեկեցության վրա ազդելուց զատ՝ հոգեկան խանգարումները կարող են խախտել նաեւ օրգանիզմի վեգետատիվ ֆունկցիաները՝ ֆիզիոլոգիական խնդիրներ ստեղծելով, գրել է Medical News Today-ը։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց մոտ սովորաբար նկատվում է սրտի կծկումների դանդաղում, ինչը կարող է վկայել սթրեսին վատ արձագանքելու մասին։
Նոր հետազոտությունում գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոգեկան խանգարումներով (օրինակ՝ դեպրեսիա կամ տագնապ) մարդիկ կարող են սիրտ-անոթային հիվանդությունների ավելի մեծ հակվածություն ունենալ։
Նոր համակարգային հետազոտությունը հրապարակվել է BioMedical Engineering ամսագրում։
Իրենց ուսումնասիրության համար հետազոտողները որոնում են կատարել հետազոտությունների չորս էլեկտրոնային շտեմարաններում, որոնք նվիրված են եղել սրտի ռիթմի փոփոխականությանը 15-55 տարեկան այն մարդկանց մոտ, որոնք հոգեկան հիվանդություններ են ունեցել, բայց հիպերտոնիայով չեն տառապել։ Գիտնականները համակարգել են 12 հետազոտություն, որոնք համապատասխանել են հիշյալ չափորոշիչներին։
Նրանք պարզել են, որ հոգեկան խանգարումները կարող են ազդել վեգետատիվ ֆունկցիաների վրա, ինչը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման մեծ տատանումների։