Հայտնի է պաթոգեն սնկերի ոչ պակաս քան 100 տեսակ, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել միկոզ` մաշկի, մազերի, եղունգների, լորձաթաղանթի, ինչպես նաև ներքին օրգանների սնկային ախտահարում։
Առավել տարածված է դերմատոմիկոզը` դերմատոֆիտիա, որը հին ժամանակներից հայտնի հիվանդություն է, սակայն միայն այսօր են մշակվել այս պաթոլոգիայի բուժման արդյունավետ մեթոդները։
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻ` ՄԱՇԿԸ ԵՎ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ
Վերջին տարիներին աշխարհում դերմատոմիկոզներով հիվանդացությունը նկատելիորեն աճել է։ Եթե նախկինում սնկային ախտահարումներն ախտորոշվում էին առավելապես մեծահասակների մոտ, ապա այժմ` ավելի հաճախ դրանցով հիվանդանում են երիտասարդները և անգամ երեխաները։ Սնկային ինֆեկցիայով կարելի է վարակվել ոչ միայն բաղնիքում, լողավազանում, սպորտային դահլիճում, այլ նաև տանը (լոգարանի գորգեր, ճիլոպներ, մատնահարդարման պարագաներ, հագուստ, կոշիկներ)։
Միկոզների առաջացմանը նպաստում են հակաբիոտիկների և հորմոնների երկարատև ընդունումը, օրգանիզմի իմունային համակարգի և նյութափոխանակության խանգարումները, էնդոկրին հիվանդությունները (հատկապես շաքարախտը), ինչպես նաև քրոնիկ պաթոլոգիաների առկայությունը։
Դերմատոֆիտիաների աղբյուր են հանդիսանում Trichophyton rubrum, Trichophyton interdigitale և Epidermophyton floccosum հարուցիչները։ Պայմանավորված հարուցիչի տեսակից և ախտահարման օջախների տեղակայումից` տարբերում են աճուկների էպիդերմոֆիտիա, ոտնաթաթերի էպիդերմոֆիտիա և ռուբրոֆիտիա։ Լայն կիրառում ունեցող «ոտնաթաթերի միկոզ» տերմինի տակ հասկանում են որևէ պատճառով առաջացած մաշկի և ոտնաթաթերի եղունգների սնկային ախտահարում։
«ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ»
Սովորաբար T.rubrum-ն առաջացնում է ոտնաթաթերի քրոնիկ սկվամոզ-հիպերկերատոտիկ միկոզ, որին բնորոշ են թեթև կարմրամաշկությունը, թեփոտումը, իսկ մի շարք դեպքերում` հիպերկերատոզը։ T.mentagrophytes-ով վարակվելու ժամանակ նկատվում է ոտնաթաթերի էպիդերմոֆիտիա` միջմատնային ծալքերում ախտահարման օջախների տեղակայումով։ Շրջապատող կարմրամաշկության ֆոնի վրա հայտնվում են ճաքեր` ծայրերին եզրապատված մացերացված էպիդերմիսի սպիտակ շերտերով։ T.mentagrophytes հարուցիչը կարող է նաև առաջացնել ոտնաթաթերի միկոզ` վեզիկուլների գոյացմամբ։
Մեծամասամբ ոտնաթաթերի միկոզն ուղեկցվում է եղունգների ախտահարումով (օնիխոմիկոզ)։
Օնիխոմիկոզն ամենատարածված և դրա հետ մեկտեղ դժվարությամբ բուժվող վարակիչ հիվանդություն է։ Բացի դերմատոֆիտներից, մաշկի և եղունգների միկոզ կարող են առաջացնել նաև բորբոսասնկերը և Candida տեսակի խմորասնկերը։ Իսկ ամենից հաճախ դրդման գործոն են հանդիսանում նեղ կոշիկներ կրելու հետևանքով առաջացող եղունգների և մաշկի վնասվածքները։
Ոտնաթաթերի միկոզի և օնիխոմիկոզի ժամանակակից համաճարակաբանության ուսումնասիրության մեջ մեծ ավանդ ունեցավ լայնամասշտաբ միջազգային հետազոտություն «Աքիլես» նախագիծը (1997-1998 թ.թ.), որի ընթացքում հետազոտվել էին մոտ 100 հազ. հիվանդ Եվրոպայում և մոտ 120 հազ.` Հարավ-արևելյան Ասիայում։ Նախագծի տվյալների համաձայն, ոտնաթաթի միկոզի և օնիխոմիկոզի տարածվածությունը կազմում է 22-29%, սակայն, ինչպես գտնում են մասնագետները, այս թվերը վերաբերում են միայն բժշկին դիմողներին և չեն կարող ամբողջությամբ բնութագրել հիվանդության իրական տարածվածության պատկերը համայն բնակչության կտրվածքով։
Հետազոտությունների համաձայն` օնիխոմիկոզի զարգացմանը նպաստող հիմնական գործոններ են հանդիսանում պերիֆերիկ անգիոպաթիաները (21%), ճարպակալումը (17%) և ոտնաթաթի զանազան դեֆորմացիաները (15%)։ Առավել կարևոր գործոններին է պատկանում նաև շաքարախտը։ Այս հիվանդության ժամանակ օնիխոմիկոզի առաջացման հավանականությունը աճում է մոտ 3 անգամ։
ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Դերմատոմիկոզը ոչ միայն կոսմետիկ դեֆեկտ Է, այլև լուրջ անհանգստության առարկա։ Եթե սնկային վարակը չբուժեն, ապա այն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Սնկային հիվանդությունների հետ մեկտեղ հաճախ առաջանում են ալերգիկ հակազդեցություններ (օրինակ` սնկային ախտահարումներով տառապող կանանց մոտ լվացքի փոշու հանդեպ ալերգիա հանդիպում է 3-4 անգամ ավելի հաճախ, քան առողջ կանանց մոտ)։ Ոտնաթաթի միկոզի ժամանակ առաջացող ճաքերը դառնում են «մուտքի դարպասներ» այլ վարակների` մասնավորապես ստրեպտոկոկկերի թափանցման համար։ Հենց այսպես է առաջանում ինֆեկցիոն ցելուլիտը և կարմիր քամու բորբոքումը։ Բարդություններից խուսափելու, ինչպես նաև շրջապատողների (առաջին հերթին ընտանիքի անդամների) համար վարակի աղբյուր չդառնալու նպատակով անհրաժեշտ է ժամանակին ախտորոշում և դերմատոմիկոզների արդյունավետ բուժում։
Դիմեք արհեստավարժ մասնագետին` բժշկին կամ դեղագործին։ Չէ՞ որ դերմատոմիկոզի շատ ախտանշաններ նման են այնպիսի հիվանդությունների դրսևորումներին, ինչպիսիք են փսորիազը, որքինը, եղունգների դիստրոֆիան։ Միայն մասնագետը կարող է ախտորոշել և նշանակել համապատասխան բուժում։