Եթե երկար ժամանակ չեք կարողանում քնել, ապա պետք է դադարեք օգտագործել գաջեթներ քնելուց առաջ, նվազեցնեք լույսի պայծառությունը, տաք ցնցուղ ընդունեք և փորձեք մեդիտացիա անել: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է նյարդաբան Վլադիմիր Մարտինովը:
Նրա խոսքով՝ առողջ քնի համար պետք է պահպանել, այսպես կոչված, քնի հիգիենան։ Մասնագետը հորդորել է քնել ու արթնանալ միշտ միևնույն ժամերին։
Նյարդաբանը բացատրել է, որ երբ մարդը քնում է, ուղեղը մաքրվում է «թափոններից»։ Նա քնելու գործընթացը համեմատել է մաքրման հետ, որն օգնում է կենտրոնացած և ստեղծագործ մնալ:
Մասնագետը հավելել է, որ քնի քրոնիկ պակասը կարող է հանգեցնել կենտրոնացման խնդիրների, հոգնածության ավելացման և իմունիտետի թուլացման։