Բարեւ իմ սփյուռքահայ բարեկամ,
Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձն է: Իսկ դու հիշու՞մ ես ինչքան անհասանելի ու անիրական երազանք էր թվում հայրենիքի անկախությունը:
Հիշու՞մ ես մի կյանք հայրենիքի անկախության մեծ երազանքով ապրած մեր տատիկ պապիկները, մեր ծնողները, մեր հայկական միությունների ղեկավարներն ու հայկական դպրոցների հայոց պատմության ու հայոց լեզվի դասատուները, ինչպիսի ոգեւորությամբ, կոկորդներում խեղդելով արցունքները, փորձում էին մեզ համոզել, որ հաստատ մի օր իրականություն է դառնալու այդ երազանքը:
Հիշու՞մ ես հայկական թաղամասերում քայլելիս, որքան էինք իրար խոստանում, որ հայրենիքի անկախացումից հետո առաջինը մենք կտեղափոխվենք այդտեղ, չէ՞ որ մեծացել էինք ազգային արժեքներով ու հայեցի դաստիարակությամբ:
Հիշու՞մ ես մեր տների չորս պատերից կախված մեր երազանքները ՝ Մասիսների, Երեւանի համայնապատկերի, Գառնիի ու Գեղարդի տեսքով:
Հիշու՞մ ես ուրիշ երկրների, ուրիշ քաղաքների, ուրիշ գլխավոր փողոցներում քանի քանի հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ցույցեր կազմակերպեցինք ու վանկարկելով գոռացինք ՝ «ազատ, անկախ Հայաստան»:
Հիշու՞մ ես մեր հայկական միությունների ժողովներում ու հավաքներում ՄԱԿ-ի գլխավոր մուտքի դեմը եռագույն դրոշի ծածանվելու ամենաանիրական երազանքի մասին որքան երազեցինք:
Հիշու՞մ ես նույն ժողովներում որքան ոտնկայս, ձեռք ձեռքի տված երգեցինք ՝ «Մեր հայրենիք թշվառ անտեր…» ու երազեցինք ՝«Մեր հայրենիք ազատ, անկախ…»:
Սփյուռքահայ իմ բարեկամ,
Հիմա այլեւս մեր տատիկ պապիկները, մեր ծնողները, մեր հայկական միությունների ղեկավարներն ու հայկական դպրոցների հայոց պատմության ու հայոց լեզվի դասատուները պարտավոր չեն կոկորդներում խեղդելով արցունքները խոսեն չիրականացված երազանքի մասին:
Երեւանն այլեւս պատից կախված անշունչ լուսանկար չէ:Դա մեր անկախ հայրենիքի մայրաքաղաքն է, որտեղ կարելի է գալ ու ապրել ցանկացած պահին:
Հիմա չափից դուրս իրական է հայրենիքի անկախությունը ու հայերը քսան մեկ տարի է ինչ տոնում են դա:
Իսկ դու ու՞ր ես: Ինչու՞ քո իրականացած երազանքի մասը չես կազմում:
Չլինի թե ՄԱկ -ի գլխավոր մուտքի մոտ քսան մեկ տարի ծածանվող հայկական դրոշի գույները խամրել են:
Չլինի թե հիմա հայկական թաղամասերում ոչ ոք չի երազում Հայաստան տեղափոխվել:
Չլինի թե տատիկ պապիկների հետ թաղվեց նաեւ անկախ հայրենիքում ապրելու երազանքը:
Գուցե դեռ երազում ես, այս անգամ այլ հասցեի ուղղությամբ:
Գուցե քո նոր երազանքի դրոշի մուգ կապույտ երկինքը լիքը աստղեր է քեզ խոստանում:
Չգիտեմ,ինչպես չգիտեմ քո հաջորդ երազանքի հասցեն:
Հավատացած եմ սակայն, որ ամենավերջինը անկախ Հայաստանն է լինելու:
Ժորժ Համյան