Պաշտպանության նախկին փոնախարար Արտակ Զաքարյանի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցը, որը «Արմենպրես» պետական գործակալությունը հրապարակել է մայիսի 18-ին, իրականում ավելի վաղ է կայացել, սակայն իշխանությունը որոշել է այն հրապարակել իրեն հարմար ժամանակահատվածում:
Այս հայտարարությունն Արտակ Զաքարյանն արել է «Օրագիր» հաղորդման ընթացքում:
«Դեսպանի հարցազրույցը, որը, իմ տեղեկություններով, շատ ավելի վաղ էր տվել, վերցնում են և իրենց հարմար ժամանակ հասարակությանը ուզում են ցույց տալ, թե Ամերիկան էլ է մեզ աջակցում, Ամերիկան ձեզ չի աջակցում, իմ տեղեկությւններով, հարցազրույցը ավելի վաղ է եղել: Դիվանագիտական բոլոր էթիկետները տրորելով՝ նույնիսկ այդ հարցազրույցն են փորձում ծառայեցնել Նիկոլի իշխանական հագուրդներին ե մորթապաշտ շահերին»,- հայտարարել է Զաքարյանը:
Հիշեցնենք, որ դեսպան Թրեյսին հայտարարել էր, թե ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Դիտարկմանը՝ արդյո՞ք սա դիվանագիտական էթիկայի խախտում չէ, Զաքարյանն արձագանքել է.
«Այստեղ ավելի շատ մեր իշխանության ապիկարության խնդիրն է, իսկ եթե համաձայնեցրել են իրար հետ, ուրեմն, երկուստեք կոպիտ խախտում է, որովհետեւ ընդդիմության գործողությունների դեմ համատեքստում է ընկալվել, ընկալումն այդպիսին է եւ շատ ազնիվ է, որ մարդիկ խոսում են դրա դեմ:
Պետք է բարի լինեն և ասեն, որ մեկը մյուսի հետ կապ չինի, իմ ունեցած տեղեկություններով բոլորովին այլ համատեքստում այլ հարցազրույց է եղել, բայց դա իմ տեղեկություններով: Ճիշտ կլինի, որ դրան պաշտոնական արձագանք լինի: Իշխանությունը խոստովանի, որ նման զեխծարարություն եւ ստոր գործողություն է իրականացրել՝ վնասելով հայ-ամերիկյան շահերը»:
Զաքարյանը նաև շեշտել է՝ եթե Հայաստանում վաղը իշխանափոխություն լինի, որևէ դեսպանատուն չի կարող ասել, որ դրան դեմ է: