Ադրբեջանում, որը աշխարհում հայտնի է որպես ինքնասպանությունների երկիր, սկսել են ինքնասպանություն գործել անգամ դրանք կանխելուն կոչված հոգեբանները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական FaktXeber.com կայքը հայտնել է, որ Բաքվում իր բնակարանում կախվելու միջոցով կյանքին վերջ է դրել հայտնի հոգեբան Դայանաթ Ռզաևը:
Պաշտոնական վարկածով` որոշ ժամանակ նա դեպրեսիայի մեջ է եղել. կինը երկու երեխաների հետ հեռացել էր: Հոգեբանի դիակը հայտնաբերել են նրա ազգականները: Հոգեբանը ինքնասպանության դիմելուց առաջ նամակ էր թողել, որում նշել էլ, որ դա «իր անձնական որոշումն է»:
Դայանաթ Ռզաևը հունվարի 16-ին Ադրբեջանում ինքնասպանությունների աճի հետ կապված Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքնասպանությունների մեծամասնության հետևում կոռուպցիան է կանգնած:
«Ադրբեջանում ինքնասպանությունների հետևում կանգնած է կոռուպցիան, անարդարությունը, սոցիալական շերտավորումը և սոցիալ-տնտեսական պահերը: Այսօր Ադրբեջանում տիրում է հուսահատություն, անորոշություն և վախ: Եթե Ադրբեջանում տղամարդը չի կարողանում հաց տանել տուն, նա հայտնվում է անհույս վիճակում և իրեն ստորացված է համարում: Դրա հետ միասին, եթե բանկին պարտք է ունենում, պատկերացրեք, թե ինչ վիճակում է գտնվում: Եթե մայրս 150 մանաթ թոշակ է ստանում, մի՞թե դա ճգնաժամ չէ: Իհարկե` ճգնաժամ է: Ադրբեջանում դատարաներն էլ են բանկերին պաշտպանում: Նման դեպքում քաղաքացին ինքնասպանության է գնում, քանի որ նա կարծում է, որ այդ քայլով նա պահպանում է իր ինքնասիրությունը», -ասել էր նա:
Ադրբեջանցի հոգեբանն ասել էր, որ Ադրբեջանում ինքնասպանության դիմողներին չպետք է դիտել որպես թույլ անձանց: Նրա խոսքով` ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են:
«Նրանց այդ քայլին է դրդում կյանքում առկա դժվարությունները: Ի՞նչ կարող են առաջարկել հոգեբանները, եթե նրանք իրենք 150 մանաթ աշխատավարձն են ստանում», -ասել էր Դայանաթ Ռզաևը:
Արտառոց այդ փաստի հետ կապված modern.az կայքն էլ որպես «մխիթարանք» հայտնել է, որ 2016 թվականին Թուրքիայում երեք հոգեբան է ինքնասպանություն գործել:
Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով` ընթացիկ տարվա հունվարի 25-ի դրությամբ` այդ երկրում արդեն 30 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որից 6-ը կին, երկուսը` անչափահաս են եղել:
Դայանաթ Ռզաևը հունվարի 16-ին Ադրբեջանում ինքնասպանությունների աճի հետ կապված Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ինքնասպանությունների մեծամասնության հետևում կոռուպցիան է կանգնած: