Այսօր անհնազանդության բողոքի ակցիայի ժամանակ «Երիտասարդական» կայարանում «Ընդդիմություն» շարժման մասնակիցների և մետրոպոլիտենի աշխատակցի միջև միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմադիրները մետրոյի վրա էին փակցրել Արցախի դրոշը, որը մետրոյի աշխատակիցը ջանք չէր խնայում այն պոկելու համար:
Աղջիկ ցուցարարներից մեկը հորդորեց, որ մետրոյի աշխատակիցը չպոկի վագոնի վրա փակցված դրոշը՝ նշելով. «Արցախի դրոշը մեկ էլ թուրքն ա պոկում, մի՛ նմանվեք»:
Նա էլ պատասխանեց. «Աղջի՛կ ջան, գնայի՛ր կռվեիր, աթոռի համար եք կռիվ տալիս»:
Երևանի Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում նշեց, որ այդ միջադեպի վերաբերյալ զեկուցվել է տնօրենի տեղակալ, երթևեկության մասնաճյուղի պետին:
Վերջինս, ըստ մեր զրուցակցի, աշխատակցին հորդորել է աշխատավայրում գործել միմիայն աշխատանքային պարտականությունների շրջանակներում: