Առնվազն 6 ամիս կրծքով կերակրված երեխաները ճանաչողական թեստերի ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Առնվազն 6 ամիս կրծքով կերակրված երեխաները ճանաչողական թեստերի ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում․ հետազոտություն

Արդեն վաղուց համարվում է, որ կրծքով կերակրելը նպաստում է երեխայի IQ-ի բարձրացմանը, սակայն այլ գործոններ, ինչպիսիք են մոր կրթական մակարդակը կամ նրա սոցիալական կարգավիճակը, նույնպես կարող են պատասխանատու լինել այս առավելություններից որոշների համար:

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրծքով վեց ամիս կամ ավելի կերակրված երեխաները մինչեւ 14 տարեկանը ավելի բարձր միավորներ են հավաքել բանավոր եւ տարածական հարաբերությունների հմտությունների թեստերում, համեմատած այն երեխաների հետ, որոնց մանուկ հասակում կրծքով չեն կերակրել: Արդյունքները չեն փոխվել այն բանից հետո, երբ հետազոտողները վերահսկել են մայրերի կրթական մակարդակը եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։

«Որոշ երկրներում սոցիալական ավելի բարենպաստ շերտերից մայրերը եւ ճանաչողական թեստերում ավելի բարձր միավորներ ցուցաբերող մայրերը ավելի հաճախ են իրենց երեխաներին երկար կերակրում կրծքով, եւ հաստատվել է, որ կրծքով կերակրման ու ճանաչողական զարգացման միջեւ կապը պայմանավորված է այս տարբերություններով»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Ռենե Պերեյրա Էլիասը:

Սակայն «սոցիալ-տնտեսական պայմանները եւ մոր ճանաչողական կարողությունները հաշվի առնելուց հետո կրծքով կերակրումը կապված է երեխաների ճանաչողական ավելի բարձր ցուցանիշների հետ, նույնիսկ մինչեւ 14 տարեկանը»,- հավելել է Պերեյրա Էլիասը:

Կրծքի կաթը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ եւ միկրոէլեմենտներ, որոնք նպաստում են ուղեղի զարգացմանը, նշել է գիտնականը։

Հետազոտության ընթացքում գիտնականները մինչեւ 14 տարեկանը հետեւել է ավելի քան 7800 նորածինների, որոնք ծնվել են Մեծ Բրիտանիայում 2000-2002 թվականներին: Երեխաների 23 տոկոսը կրծքով կերակրվել է վեց ամիս կամ ավելի երկար, իսկ մոտ 34 տոկոսն ընդհանրապես կրծքով չի կերակրվել:

Երեխաները թեստեր են հանձնել, որոնք չափել են խոսքային եւ տարածական հարաբերությունների հմտությունները, երբ նրանք 5, 7, 11 եւ 14 տարեկան են եղել: Թեստի միավորներն ավելի բարձր են եղել այն երեխաների համար, որոնք ավելի երկար են կրծքով կերակրվել, նույնիսկ եթե հետազոտողները հաշվի են առել այլ գործոններ:

Սակայն ոչ բոլոր կանայք կարող են կրծքով կերակրել, եւ դա չի նշանակում, որ նրանց երեխաները կհայտնվեն անբարենպաստ վիճակում:

«Կարեւոր է հիշել, որ մի քանի ամիս կրծքով կերակրվող երեխաների հնարավոր ճանաչողական ձեռքբերումները համարժեք են ընդամենը 2-3 միավորի՝ սովորական IQ սանդղակով, որում միջին ցուցանիշը 100 է»,- բացատրել է գիտնականը:

Այս տարբերությունն ավելի ընդգծված է բնակչության մակարդակում։ «Եթե ողջ բնակչությունը միջինը բարձրացնի իր IQ-ն 2-3 կետով, կարելի է զգալի տարբերություններ նկատել»,- հավելել է նա:

news.am