«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս I
Advertisement 1000 x 90

«Քարդաշյանների ընտանիքի» հետևորդը․ Փաշինյանի ռեալիթի շոուն․ մաս I

«Ժողովուրդը, պարզվեց, հանդիսատես է ․․․ առաջարկում են բովանդակություն, իսկ նրանք տեսարաններ են ցանկանում»։

Ժան Բոդրիար

Reality Show-ն ժամանակակից զանգվածային մշակույթի վրա մեծ ազդեցություն ունի։ Դեռևս 1948-ին ԱՄՆ հեռուստաընկերություններից մեկը սկսում է «Թաքնված տեսախցիկ» շոուն, որը մեծ ժողովրդականություն է վայելում։ «Թաքնված տեսախցիկը» հեռուստատեսությունում նոր ժամանակաշրջան է բացում՝ զանգվածներին առաջարկելով ապրել ուրիշների կյանքով, որը նրանց օգնում է փախչել իրականությունից։ Շոուները պետք է ունենան պարբերականություն, ժամանակ առ ժամանակ նոր պերսոնաժներ ներգրավվեն, անսպասելի իրադարձություններ տեղի ունենան։

Շոուների հերոսը պետք է նման լինի հանդիսատեսին, ավելին՝ իրենց փոխարեն իրականացնի այն երազանքները, որոնց ձգտում են, բայց չեն կարողանում հասնել։ Մարդիկ ունեն թաքնված ցանկություն՝ հետևելու ուրիշի կյանքին՝ «լուսամուտից ներս նայելով»։ Կարճ ասած՝ դա փախուստ է իրականությունից կամ ինքնախաբեություն։ Իրական կյանքը փոխարինվում է մի այլ, զուգահեռ իրականությամբ։

Ռեալիթի շոուների ֆենոմենը

Ռեալիթի շոուների ֆենոմենն ուսումնասիրում են մշակութաբանները, փիլիսոփաները, սոցիոլոգները, արվեստաբանները, մարքեթոլոգները և այլն։ Այդ ամենին կարելի էր հանգիստ վերաբերվել. մարդիկ ցանկանում են հաց և տեսարաններ, սակայն դրանցով սկսել են հետաքրքրվել քաղաքական տեխնոլոգներըզանգվածները ոչ միայն սպառող են, այլև ընտրող։

Եթե սկզբնական փուլում ռեալիթի շոուները հեռուստաընկերությունների համար էին հետաքրքրություն ներկայացնում, ապա այժմ սոցիալական ցանցերն են միացել դրանց տարածմանը։ Ռեալիթի շոուների հերոսների կյանքը քննարկվում է սոցիալական ցանցերում. like-երի ու share-երի քանակը հաջողության և անհաջողության ցուցանիշներ են։ Այդ երկու կոճակների վրա մեծ ինդուստրիա է ձևավորվել, այդ թվում նաև՝ fake-երի բանակ, որոնք հանրային կարծիքներ են ստեղծում։ Ռեալիթի շոուները, տարիներով ձգվող սերիալները, սոցիալական ցանցերի live-ն ու selfy-ներն արդեն քաղաքականություն են մուտք գործել՝ ձևավորևելով նոր տիպի քաղաքական գործիչներ՝ քաղաքական շոումեններ, որոնք ունեն իրենց երկրպագուների բանակները, որոնք ապրում են նրանց կյանքով։

Նրանց օգնությամբ ձևավորվող զանգվածային գիտակցությունը հեռու է բանականությունից։ Քաղաքական գործիչների երկրպագուներն իրենց կուռքերին կա՛մ հավատում են, կա՛մ չեն հավատում։ Ինչպես տեսնում ենք, նրանց համար «հասկանալու», «մտածելու» խնդիրն ակտուալ չէ։ Կարևորը հերոսներն են, որոնց սիրում են կամ ատում, սակայն նրանք պետք է հույզեր և զգացմունքներ արթնացնեն։ Ամենակարևորն այն է, որ շոուների հերոսները, անկախ նրանից՝ սովորական մարդիկ են, թե քաղաքական գործիչներ, պետք է պարբերաբար նոր էքշն (գործողություն) ձեռնարկեն։ Ամենավտանգավոր բանը, որը նրանց հետ կարող է կատարվել, նրանց հանդեպ անտարբերությունն է։ Այսինքն, պետք է ինչ-որ իրականության պատրանքը պահպանվի։

Նման շոուները փոխում են մարդկանց մոտ իրականության զգացումը, իսկ երբեմն բացասական ազդեցություն են ունենում։ Շատ հոգեբաններ այն կարծիքին են, որ դրանք հատկապես բացասական հետևանք են ունենում երիտասարդ սերնդի վրա, որոնց մոտ կյանքի սկզբունքներն ու պահելակերպի նորմերը դեռ ձևավորված չեն։

«Քարդաշյանների ընտանիքը»

«Քարդաշյանների ընտանիքի» ռեալիթի շոուի պրեմիերան սկսել է ցուցադրվել 2007-ին և մինչ օրս շարունակվում է։ Ընդհանուր առմամբ, արդեն թողարկվել է 16 սեզոն։

Քիմ Քարդաշյանը նոր բարձունքի է հասցրել ռեալիթի շոուների ազդեցությունը։ Միայն որևէ մի բրենդի մասին հիշատակելու համար նրան վճարում են 250 000 դոլար։ Դոնալդ Թրամփը նրան ընդունում է Սպիտակ տանը։ Թրամփն իր հերթին նույնպես շոումեն է. մասնակցել է շոուներին և դրանով բարձրացրել իր ճանաչելիությունը։ Թրամփի ընտանիքը նույնպես հետ չի մնում. նրանք էլ են հանրային դեմքեր։

Շոուն դարձել է մեր իրականությունը։ Քաղաքականությունը նույնպես վերածվել է ռեալիթի շոուի։ Անգամ պատերազմներն են վերածվել շոուի, որոնք ուղիղ եթերով հեռարձակվում են։ Իրաքի ռմբակոծությանը միլիոնավոր հանդիսատեսներ ուղիղ եթերով հետևում էին, որից հետո ռուսներն ուղիղ եթերով Սիրիան էին ռմբակոծում Կասպից ծովից։

Հայաստանում նույնպես շոու–հեղափոխություն տեղի ունեցավ, որն ամբողջ ընթացքում ուղիղ հեռարձակվում էր։ Շոու-հեղափոխությունը, շոու-պատերազմը, շոու-դատավարությունները մեր կյանքի մասնիկն են դարձել, որոնք նեղացնում են մեր անձնական կյանքը և խառնում իրականությունն ու ներկայացումը։

Ստեփան Դանիելյան

(շարունակելի)

Աղբյուրը՝ politeconomy.org