Երակների ու մազանոթների հետ կապված խնդիրների առկայությունը կարելի է կասկածել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ շոգեբաղնիք այցելելուց հետո վերջույթների արտաքին զննության արդյունքում։ Եթե մաշկին ի հայտ են գալիս անոթային աստղիկներ կամ քայլելիս նկատվում են ցավոտ զգացողություններ, ապա հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ նման ախտանշանները կարող են վկայել անոթների քայքայման մասին։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում ասել է սրտաբան Վադիմ Ժուկը։
Մասնագետի խոսքով՝ երբ տուժում են երակներն ու զարկերակները, ապա խնդրի հիմնական ախտանշանը լինում են ցավը, մատների թմրածությունն ու մաշկին ի հատ եկած պիգմենտավորումը։ Եթե վնասվում են սրտամկանի անոթները, ապա զարգանում է ստենոկարդիա՝ կրծքային հեղձուկ, պարանոցի հատվածում արյան շրջանառության խանգարումը բարձրացնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը, իսկ ոտքերում անոթների վնասվածքները կարող են դառնալ կաղության կամ անգամ գանգրենայի զարգացման պատճառ։
«Զարկերակային խնդիրներ կարելի է կասկածել, եթե ծանրաբեռնվածության դեպքում որևէ տեղն անսպասելի սկսում է ցավել, իսկ ծանրաբեռնվածությունը դադարեցնելու դեպքում ցավը մեղմվում է։ Սակայն ցանկալի է հույսը դրա վրա չդնել ու կանոնավոր դիսպանսերային հետազոտություններ անցնել, որոնք կներառել ոչ միայն էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) և էխոսրտագրությունը, այլև անոթների ուլտրաձայնային հետազոտությունն ու արյան հետազոտությունները», – նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ անոթների վնասվածքների հավանականությունն առավել բարձր է քրոնիկ հիվանդություններով մարդկանց ու ծխողների մոտ, ուստի նրանք ներառվում են ռիսկային խմբում։ Անոթների ամրապնդման համար մասնագետը խորհուրդ է տվել կանոնավոր քայլել ու հետևել սննդակարգին։