#InterCheck. Պերուի 5G կայանների և ուկրաինական «Բայրաքթարների» մասին. fip.am
Advertisement 1000 x 90

#InterCheck. Պերուի 5G կայանների և ուկրաինական «Բայրաքթարների» մասին. fip.am

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութը, որում իբր երևում է, թե Կիևի առևտրի կենտրոններից մեկում նացիստական խորհրդանիշ է պատկերված: Դրանից օգտատերը եզրակացրել է, որ Ուկրաինան նացիստական պետություն է: Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տեսանյութը 2019 թվականի է: Այն ժամանակ հետաքննությունը հաստատել էր, որ նացիստական ​​խորհրդանիշը հայտնվել էր հաքերային հարձակման հետևանքով, որոշակի ժամանակահատվածում՝  անկախ առևտրի կենտրոնի ղեկավարության կամքից։ Factcheck.ge-ն շեշտել է, որ Ուկրաինայում, քրեական օրենսգրքի համաձայն, արգելված են նացիստական ​​խորհրդանիշների օգտագործումն ու տարածումը։

Ղազախստանյան Factcheck.kz-ն ընթերցողների խնդրանքով ուսումնասիրել է «ուռա» բառի ստուգաբանությունը: Մասնավորապես, ընթերցողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք բառն ունի թյուրքական ծագում: Արդյունքում, ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ «ուռա» բացականչությունը եվրասիական տարբեր ժողովուրդների հայտնի է եղել հնուց ի վեր: Այս պահին գիտականորեն ամենատրամաբանական հիմնավորվածը բառի գերմաներեն ծագման տարբերակն է: Ռուսերենում բառն իսկապես կարող է ծագած լինել թյուրքական լեզուներից՝ մեծ հավանականությամբ, բայց կարող էր առաջանալ նաև մի քանի տարբերակների աղավաղումից:

Ուկրաինական VoxCheckստուգել է ռուսական մեդիայի տարածած պնդումները, թե Զելենսկին հրամայել է չօգտագործել «Բայրաքթարներն» առաջնագծում:

Մասնավորապես, անանուն տելեգրամյան ալիքները տարածում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի նամակը՝ ուղղված «գլխավոր շտաբի պետ» Վալերի Զալուժնիին։

Սակայն ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ փաստաթուղթը կեղծ է, քանի որ իրականում Վալերի Զալուժնին Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ոչ թե շտաբի պետը: Ավելին՝  այլ գերատեսչությունների անվանումներում նույնպես սխալներ են գրանցված:

Միջազգային

Բրիտանական Reutersստուգել է սոցցանցերում տարածված պնդումները, թե Պերուում հեռացրել են 5G կայանները, ինչի հետևանքով կորոնավիրուսը վերացել է: Սակայն իրականում այդ կայանը հեռացվել էր դեռևս 2019 թվականին, երբ աշխարհում դեռ չէին գրանցվել կորոնավիրուսի դեպքեր:

Ամերիկյան Politifact-ը ստուգել է համացանցում շրջանառվող տեսանյութը, որում Pfizer ընկերության տնօրեն Ալբերտ Բուռլան իբր ասում է, թե իրենց երազանքն է մինչև 2023 թ. կրճատել աշխարհի բնակչությունը 50 տոկոսով: Բուռլան իրականում քննարկում էր մի նոր ծրագիր, որը կօգնի աշխարհի ամենաաղքատ երկրների համար հասանելի դարձնել Pfizer-ի դեղամիջոցներն ու պատվաստանյութերը:

Նա ասել էր, որ Pfizer-ի նպատակն է 50%-ով նվազեցնել աշխարհում այն ​​մարդկանց թիվը, որոնք «չեն կարող իրենց թույլ տալ մեր դեղերը», սակայն հիմնական բառերը տարածվող տեսանյութում մոնտաժվել էին:

fip.am



Նման նյութեր