Նյարդաբանական գանգատների թվում միգրենն արտադրողականության կորստի եւ շտապ օգնության կաբինետներ այցերի ամենատարածված պատճառն է: Միգրենը կարող է գլխացավի ամենացավոտ տեսակը լինել, որը մեծացնում է ինսուլտի եւ սրտի կաթվածի վտանգը տղամարդկանց մոտ, Eat This, Not That!-ին պատմել է Դոկտոր Շաե Դաթան:
Բժշկի խոսքով՝ թեեւ կանայք ավելի հաճախ են տառապում միգրենից, այնուամենայնիվ, միգրենը գրանցվում է նաեւ տղամարդկանց շրջանում։ Հիվանդությունից պարբերաբար տառապում է տղամարդկանց մոտ 9 տոկոսը (կանանց 17 տոկոսի համեմատ):
Մասնագետը խորհուրդ է տվել հավելված օգտագործել՝ միգրենի ախտանիշներին հետեւելու համար։
Նա նաեւ նշել է քնի ցիկլը կարգավորելու կարեւորությունը՝ ամեն օր միեւնույն ժամին քնելը, այդ թվում հանգստյան օրերին եւ արձակուրդների ժամանակ:
Կարեւոր է բժշկության լրացուցիչ միջոցներ գտնել, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը միգրենի դեմ: Մասնավորապես, բժիշկը նշել է նարդոսի յուղի եւ անանուխի օգուտները։ Դրանք կարող են կիրառվել պարանոցի հիմքի վրա կամ ներշնչվել:
Ասեղնաբուժությունը կարող է օգնել թեթեւացնել ցավը եւ նվազեցնել նոպաների ծանրությունը շատ հիվանդների մոտ:
Կոճապղպեղը կանխում է սրտխառնոցը, որը կարող է առաջանալ միգրենով շատ հիվանդների մոտ:
Յոգան, կոմպլեմենտար եւ դեղորայքային բուժման հետ միասին, եւս օգնում է շատ հիվանդների հաղթահարել ցավը:
Մասնագետի խոսքով՝ գլխացավ ունեցող մարդկանց մոտ 10 տոկոսի մոտ սնունդը հրահրիչ գործոն է: Անհրաժեշտ է հնարավորինս շատ օգտակար, թարմ սնունդ ուտել, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենը, խուսափել վերամշակված եւ փաթեթավորված մթերքներից:
Տիրամինը բնական միացություն է, որը ձեւավորվում է սպիտակուցներով հարուստ մթերքներում դրանց ծերացմանը զուգահեռ եւ միգրեն է առաջացնում: Տիրամինը հանդիպում է պանրի որոշ տեսակների մեջ, մասնավորապես՝ կապույտ, շվեյցարական, բրի, չեդդեր, ֆետա, մոցարելլա, մունստրա, պարմեզան տեսակի պանիրներում:
Գլխացավի պատճառ կարող են լինել նաեւ սնունդն ավելի համեղ կամ թարմ պահելու համար ավելացված քիմիկատները:
Հարկ է խուսափել արյան մեջ շաքարի ցածր մակարդակից, որը կարող է միգրեն առաջացնել: Մասնագետի խոսքով՝ անհրաժեշտ է առնվազն 4-5 բաժակ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար, ինչը եւս կարող է գլխացի պատճառ դառնալ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանոնավոր, չափավոր ֆիզիկական վարժությունները կարող են միգրենն ավելի կարճ եւ պակաս ծանր դարձնել: