Դեմենցիայի զարգացման ռիսկի հետ սրտի վրա ազդող մի քանի հիվանդությունների կապն ավելի մեծ է, քան բարձր գենետիկական ռիսկի հետ կապը, ասվում է նոր լայնածավալ հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet Healthy Longevity-ում:
Օքսֆորդի եւ Էքսեթերի համալսարանների ղեկավարած հետազոտությունը սրտի բազմաթիվ հիվանդությունների եւ դեմենցիայի միջեւ կապի ամենամեծ ուսումնասիրություններից մեկն է պատմության մեջ, եւ այն քչերից է, որն անդրադարձել է բազմաթիվ հիվանդությունների բարդ խնդրին:
Հետազոտության շրջանակներում դիտարկվել են 60 տարեկան եւ բարձր տարիքի ավելի քան 200 000 մարդկանց տվյալները: Գիտնականները հայտնաբերել են նրանց, ում մոտ ախտորոշվել է կարդիոմետաբոլիտիկ շաքարախտ, ինսուլտ, ինֆարկտ կամ այս երեքի ցանկացած համադրություն, եւ նրանց, ում մոտ հետագայում դեմենցիա է զարգացել:
Հետազոտողները պարզել են, որ որքան շատ են մարդու մոտ այս երեք հիվանդություններից, այնքան մեծ է դեմենցիայի զարգացման հավանականությունը: Մարդկանց մոտ, որոնք ունեցել են բոլոր երեք հիվանդությունները, դեմենցիայի զարգացման հավանականությունն ավելի մեծ է եղել, քան գենետիկական բարձր ռիսկ ունեցողների մոտ:
Գիտնականները հետազոտության մասնակիցներին բաժանել են գենետիկ ռիսկի երեք կատեգորիայի՝ բարձրից ցածր, հիմնվելով ռիսկի համալիր գնահատման վրա, որն արտացոլում է եվրոպական ծագում ունեցող մարդկանց համար բնորոշ բազմաթիվ գենետիկական ռիսկի նշանները: Նրանք նաեւ ունեցել են ավելի քան 12 000 մասնակիցների ուղեղի պատկերման տվյալներ եւ ամբողջ ուղեղում լայնածավալ վնասվածքներ են հայտնաբերել նրանց մոտ, ովքեր ունեցել են մեկից ավելի սրտանոթային հիվանդություններ: Եվ հակառակը՝ բարձր գենետիկական ռիսկը կապված է եղել ուղեղի միայն որոշ հատվածների վիճակի վատթարացման հետ:
news.am