Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի հավաքականում հանդիպմանը մասնակցեցին Գևորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Մարկոս Պիզզելլին, Արթուր Սարկիսովը, Վահագն Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Լևոն Հայրապետյանը, Սամվել Մելքոնյանը և Էդգար Մանուչարյանը: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց զավակների հետ:
Հանդիպման առաջին կեսը՝ որը տևեց 30 րոպե, ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում գոլերը խփեցին Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզզելլին և Էդգար Մանուչարյանը: Վրաստանի հավաքականին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Հայաստան-Վրաստան՝ 4:1:
Քանի որ Լևոն Պաչաջյանը ներկա չէր Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպմանը, ՀՖՖ-ն նրա անվանական խաղաշապիկը հանձնեց հորը` Հարություն Պաչաջյանին: