Հրաչ Պողոսյանի խոսքով` պետք է կասեցնել Երևանի հետագա «աճը». եթե այսպես շարունակվի, հետևանքները կարող են աղետալի լինել։
Ճարտարապետ Հրաչ Պողոսյանը կարծում է, որ Երևանում հարյուրավոր հեկտարների վրա բազմաթիվ շենքեր կառուցելը խայտառակություն է։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված ասուլիսում` նշելով, որ այսօր կառուցապատման առումով մայրաքաղաքում անկառավարելի վիճակ է. շինարարների ու քաղաքապետարանի առջև դրված որևէ գաղափար չկա։
«Ի՞նչ է կատարվելու վաղը Երևանում` մշուշ է, որովհետև հարյուրավոր հեկտարների վրա կառուցապատումներ են իրականացվում։ Որոշ ժամանակ անց այդ ամենը կփոխի Երևանի վիճակը տարբեր ասպարեզներում` տրանսպորտի, անվտանգության»,- ասաց ճարտարապետը։
Նրա խոսքով` այդ շենքերի, համալիրների կառուցումն անհատներ են իրականացնում, բայց այն մարմինները, որոնք պետք է համակարգեն այդ ամենը, անկանոն վիճակում են թողել մայրաքաղաքը, ինչն անթույլատրելի է։
Պողոսյանն անդրադարձավ Երևանի գլխավոր հատակագծին, որն արվել էր 20 տարվա հեռանկարով, և ընդգծեց` ժամկետն ավարտվել է, և հիմա նույնանման հատակագիծ չկա։
«Կարծում եմ, որ Երևանում շինարարություն անելիս պետք է ամեն ինչ հաշվի առնել երկրի մակարդակով։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագիծը որևէ առնչություն չունի այսօրվա քաղաքի հետ։ Նա ամեն ինչ այնպես էր գծագրել, որ մայրաքաղաքի, հանրապետության տարածքների և տնտեսության «փոխհարաբերությունները» հարմոնիկ լինեն։ Պետք է կասեցնենք Երևանի հետագա «աճը», քանի որ եթե այսօրվա իրավիճակը շարունակվի, հետևանքները կարող են աղետալի լինել»,- շեշտեց ճարտարապետը։
Նա հավելեց` քաղաքաշինությունն այնպիսի ոլորտ է, որն ազդում է էկոնոմիկայի, արդյունաբերության, տրանսպորտի վրա։ Պողոսյանի պնդմամբ` Երևանը չի կարելի այսչափ զարգացնել։
Ճարտարապետը խոսեց նաև սեյսմիկ անվտանգության մասին և շեշտեց` Հայաստանը սեյսմիկ գոտում է գտնվում, և երկրի բնակչության մեծ մասին մեկ քաղաքում տեղավորելն ու բազմաթիվ շենքեր կառուցելը նշանակում է վտանգի տակ դնել այդ մարդկանց։