Եթե գիշերը դժվար եք քնում, դուք միայնակ չեք։
Ամերիկացիների մոտ 28 տոկոսը նշել է, որ անքնությունը խանգարում է ամենօրյա կյանքում, իսկ մոտ 64 տոկոսը քնաբեր միջոցներ է ընդունում քնելու համար, գրել է UPI-ն։
«Քրոնիկական անքնությունը հանրային առողջապահության վտանգավոր խնդիր է»,- նշել է Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի լիցենզավորված հոգեբան Ջենիֆեր Մարտինը։
«Եթե չբուժեք, քրոնիկական անքնությունը կարող է հանգեցնել մի շարք երկարաժամկետ առողջական խնդիրների, ներառյալ դեպրեսիան, Ալցհեյմերի հիվանդությունը, երկրորդ տեսակի դիաբետը եւ այլն, եւ կարող է ազդել ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա»,- նշել է Մարտինը։
Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան անքնության մասին նոր հարցում է իրականացրել, որին մասնակցել է 2 010 չափահաս մարդ ԱՄՆ ամբողջ տարածքից։
Երեք մարդուց երկուսը, որոնք քնաբեր են ընդունել, 23 տոկոսով օգտագործում են դեղատոմսով դուրս գրված դեղամիջոցներ, 27 տոկոսը՝ մելատոնին, եւ 20 տոկոսը՝ մարիխուանա։ Մոտ 37 տոկոսը նշել է, որ COVID-19-ի համավարակի ժամանակ ավելի շատ է քնաբերներ օգտագործել։
Այս առնչությամբ Քնի ակադեմիան քրոնիկական անքնություն կասկածող մարդկանց առաջարկում է աշխատել իրենց բուժող բժիշկների հետ, որպեսզի պարզվի բուժման լավագույն տարբերակը։
Մելատոնինը եւ քնաբերները «ունիվերսալ միջոց» չեն, նշել են մասնագետները։ Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, թե ինչու են մարդիկ քնի հետ կապված խնդիրներ ունենում։
«Քնի հիգիենայի առողջ սովորությունների ձեւավորումը կարող է օգնել նրանց, ովքեր տառապում են թեթեւ կամ կարճ անքնությամբ, բայց եթե ախտանշանները պահպանվում են ցերեկը եւ վատացնում կյանքի որակը, ժամանակն է դիմել բժշկի»,- նշել է Քնի վարքագծային բժշկության ընկերության լիցենզավորված կլինիկական հոգեբան Մայքլ Գրանդները։
Քնի մասնագետները կարող են ճիշտ ախտորոշել քնի մշտական խնդիրները եւ մշակել բուժման ճիշտ պլան յուրաքանչյուր պացիենտի համար, ավելացրել է կլինիկական հոգեբանը։
Քրոնիկական անքնության բուժման երաշխավորվող մեթոդը կոգնիտիվ-վարքագծային թերապիան է։
Մարտինը պարզաբանել է, որ «կոգնիտիվ-վարքագծային թերապիան կարող է օգնել պացիենտներին՝ անհատական մոտեցում ցուցաբերելով անքնությամբ տառապող բոլոր տարիքի մարդկանց»։