Մանկաբույժ Իլյա Բոգդանովը պատմել է, թե ինչ մթերքներ ոչ մի դեպքում չպետք է տալ երեխաներին։ Չնայած տարածված կարծիքին, որ սեփական աճեցրած մրգերն ու բանջարեղենն անվտանգ են, դա այդպես չէ: Մասնագետները զգուշացնում են՝ նույնիսկ նման բանջարեղենն ու հատապտուղները օգտագործելուց առաջ պետք է լվանալ, հայտնում է «Вечерняя Москва»-ն։
«Անգամ վարունգը պետք է օճառով լվանալ, քանի որ չգիտենք, թե որտեղ է այն եղել։ Իսկ դրա կեղեւը ցանկալի է հեռացնել, քանի որ չգիտենք, թե ինչով են դրանք մշակվել։ Նույնիսկ ելակի վրա, մեծ հաշվով, պետք է եռացող ջուր լցնել»,- զգուշացնում է Բոգդանովը:
Տարածված կարծիք կա նաեւ հում ձու ուտելու օգտակարության մասին։ Համարվում է, որ դա կարող է ամրապնդել իմունիտետը: Բայց իրականում սա սպառնում է լուրջ խնդիրներով ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար։ Հում ձու ուտելը շատ հաճախ հանգեցնում է սալմոնելոզով վարակման, նշում է մասնագետը։
Ակնիկ ձվածեղն իր ամբողջական դեղնուցի պատճառով նույնպես կարող է խնդիրների աղբյուր լինել։ Բոգդանովը խորհուրդ է տալիս միշտ խառնել դեղնուցը, որպեսզի այն ամբողջությամբ ջերմային մշակման ենթարկվի։
Վտանգավոր վարակներ է պարունակում թարմ կաթը։ Այն նույնպես երբեք չի կարելի տալ երեխաներին, քանի որ նրանք կարող են հիվանդանալ հաշմանդամության հասցնող հիվանդությամբ:
«Այդ հիվանդությունը, որից մենք շատ ենք վախենում, կոչվում է տիզային էնցեֆալիտ: Այն փոխանցվում է նաեւ հում կաթի միջոցով։ Պարտադիր չէ, որ տզի խայթոցի միջոցով»,- ասել է բժիշկը:
Բացի այդ, վատ եփած խորովածը նույնպես չի կարելի տալ երեխաներին։ Եթե փոքրիկ երեխային ներսում հում մի կտոր խորոված տան, դա կարող է տխուր ավարտ ունենալ օրգանիզմի համար, մանկաբույժի խոսքերն է փոխանցում «Պետերբուրգ» ռադիոն։