Փայլեց, թեժացրեց ու «շփվեց» հայերենով․ ZAZ-ի անհավանական էներգետիկան՝ Հրազդան մարզադաշտում (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փայլեց, թեժացրեց ու «շփվեց» հայերենով․ ZAZ-ի անհավանական էներգետիկան՝ Հրազդան մարզադաշտում

ՀԱՅԱ» փառատոնի համերգային բացումը տրված է․ այն անմոռանալի ու արտասովոր դարձրեց ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը, որն առաջին անգամ էր Երեւանում հանդես գալիս մենահամերգով։ Երգչուհին ելույթ ունեցավ երեկ՝ հունիսի 25-ին, Հրազդան մարզադաշտում, որտեղ նրան սպասում էին հազարավոր երկրպագուներ։ Համերգին ներկա էին ինչպես հայեր, այնպես էլ զբոսաշրջիկներ, որոնք միասին կիսեցին երեւանյան փառատոնի թեժ էներգետիկան՝ այն, ինչը ZAZ-ը համերգի նախօրեին կայացած ասուլիսին խոստացավ փոխանցել ու արեց։

Ֆրանսիացի երգչուհու համերգի մեկնարկը տրվեց երիտասարդ երաժիշտ Պարգի եւ «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթներով։

ZAZ-ը բեմ բարձրացավ բացման արարողությունից մեկ ժամ անց՝ մարզադաշտի կենտրոնով՝ ճանապարհին ջերմորեն ողջունելով իրեն սպասող հանդիսատեսին։ Երգչուհին բեմին կրում էր սեւ, փայլուն կոմբինիզոն, բայց փայլում էր ոչ միայն հագուստով, այլեւ ներքուստ։ Հատուկ հայ երկրպագուների համար ZAZ-ն իր մտքերը փորձում էր արտահայտել հայերեն նախադասություններ ընթերցելով, ինչը, հատկապես, բուռն էր ընդունվում Հրազդան մարզադաշտում։

«Մենք ամեն օր ապրում ենք մի հրաշք, բայց այնքան ենք սովորել, որ մոռանում ենք։ Դրա համար ես բեմում եմ դրել օդ, հող, ջուր եւ կրակ։ Ես պաշտում եմ կրակը։ Երբ շատ մութ է, մոմեր եմ վառում, դա ինձ հիշեցնում է կրակը, որ մեջս ունեմ»,-հայերենով արտաբերեց երգչուհին՝ շարունակելով,-«Մենք հաճախ անզոր ենք զգում սարսափի դեմ․ ես հավատում եմ, որ երգելը եւ պարելը մեզ կարող են զվարճացնել, եւ դա արդեն լավ է»։

Կրակոտ ու ծանոթ հիթերի ու խելահեղ պարերի արանքում ZAZ-ը, պարբերաբար, սեր էր խոստովանում հայերին, շնորհակալություն հայտնում ջերմության ու սիրո համար։ Երգչուհին նաեւ հիշեց Ազնավուրին, նրա հանդեպ մեծ սերն ու հարգանքը, ու Կամո Սեյրանյանի դուդուկի նվագակցությամբ ներկայացրեց աշխարհառչակ հայ շանսոնյեի La Boheme երգը։

Ամբողջությամբ՝ style.news.am